Սուրիկ Խաչատրյանի որդուն հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Հարցաքննվել են ավելի քան մեկ տասնյակ անձ, նրանց թվում գործով տուժող ճանաչված Հ.Զաքարյանը, նրա ծնողները, եղբայրները։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ հնարավոր ականատես վկաների, միջադեպին մասնակցած անձանց իրական շրջանակը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ծանուցագրեր են ուղարկվել տարբեր անձանց՝ հարցաքննության ներկայանալու։
Որոշում է կայացվել օրենքով սահմանված կարգով հարցաքննության չներկայացած անձանց, նրանց թվում՝ Տ.Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին։
Հիշեցնենք, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել ծեծկռտուք: «Գորիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Հ. Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով:
Նախորդող հրապարակումներ՝
Գորիսի միջադեպի գործով դատախազը վկաներին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Հարությունի աչքի վիճակը ծանր է. Բժիշկը՝ Սուրիկ Խաչատրյանի որդուց տուժածի մասին
Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քննչական կոմիտեն մանրամասներ չի հրապարակում