Ջոն Քերին Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Իրանին S-300 ՀՀՊ համակարգեր տրամադրելու հարցը
«Ջոն Քերին Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Իրանին S-300 ՀՀՊ համակարգեր տրամադրելու հարցը»,-այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ՌԴ կատարած այցի ընթացքում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսվում է, որ Քերին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ կքննարկի Իրանին S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր (ՀՀՊ) տրամադրելու հարցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել, համաձայն որի` Ռուսաստանի տարածքից (նաև օդային) S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին տրամադրելու արգելքը չեղյալ է հայտարարվել:
Իրանի և Ռուսաստանի միջև S-300 ՀՀՊ համակարգի վաճառքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, համաձայն որի՝ Ռուսաստանն Իրանին պետք է հանձներ շուրջ 800 միլիոն դոլար արժողությամբ հակահրթիռային պաշտպանության այդ համակարգի 5 բաղադրամասերը, որոնք, սակայն, Արևմուտքի գործադրած ճնշումների պատճառով չտրամադրվեցին, ինչից հետո էլ Իրանը S-300-ի համար վճարած կանխավճարը ստանալու համար դիմեց միջազգային արբիտրաժային դատարան: