Աշխատանքի ընդունվելիս աշխատանքային գրքույկների պարտադիր պահանջը կհանվի
ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն` աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկ վարելու՝ գործատուի պարտավորությունը կհանվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ Կառավարությունը «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծն արդեն ներկայացրել է Ազգային ժողով:
«Միջազգային փորձն ենք վերլուծել, և շատ քիչ երկրներ են, որ դեռևս պահում են աշխատանքային գրքույկի ինստիտուտը: Դա աշխատանքային հարաբերություններում ավելորդ գործընթաց է: Աշխատանքային գրքույկները կփոխարինվեն էլեկտրոնային համակարգով»,- նշեց նա:
Հաջորդ փոփոխությունը, ըստ Թ.Ավետիսյանի, վերաբերում է «մասնագիտական ստաժ» հասկացությանը. «Այսուհետ, եթե դու աշխատում ես քո մասնագիտական կրթության համաձայն, ապա կրթությունդ նույնպես համարվում է մասնագիտական ստաժ: Եթե չես աշխատում քո մասնագիտությամբ, ապա համարվում է պարզապես ստաժ, ոչ թե մասնագիտական ստաժ: Մասնագիտական աշխատանքային ստաժը, դա մասնագիտական կրթություն ստանալուց հետո է, լրացվում է նաև այն, որ նա անցել է որոշակի ուսուցում և այդ դեպքում արդեն իսկ փորձաշրջանի անհրաժեշտություն չի լինում: Այս ամենի համար սահմանվել է մասնագիտական ուսուցման կանոնակարգված համակարգ»:
Նա նաև ասաց, որ փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը նախատեսվել է ամրագրել աշխատանքային պայմանագրում:
«Ունենք ամենամյա արձակուրդ, որի նվազագույն չափը 20 աշխատանքային օրն է: Բայց շատ հաճախ աշխատողները և գործատուները չեն տիրապետում իրենց արձակուրդի իրավունքին, և սրա իրացման տեսանկյունից այս լրացումները շատ կարևոր են»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:
Շարունակելով ներկայացնել օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, աշխատանքի և զբաղվածության վարչության պետը թվարկեց, թե սահմանվել են մինչև 14 տարեկան անձանց աշխատանքային գործունեության թույլատրելի ոլորտները, վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու գործատուի իրավունքը:
Բացի այդ, կանոնակարգվել է 65 տարին լրացած անձանց աշխատանքային կանոնադրությունը. «Այսուհետ 65 տարին լրացած անձը կարող է շարունակել աշխատանքը՝ գործատուի հետ երկարձգելով աշխատանքային պայմանագիրը մինչ 2 տարի: Սակայն պետք է նաև հստակեցվի և հիմնավորվի նրա մասնագիտական գիտելիքները և այն, որ համապատասխան աշխատանքում կա նրա անհրաժեշտությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին