Ինչպե՞ս էր սատկած խոզերի միսը հայտնվել շուկայում. Պարզաբանումներ ՍԱՊԾ-ից
Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ երևանյան երկու շուկաներում սատկած խոզերի միս է իրացվում: Ոստիկանության ազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում իրականացրած ստուգայցի արդյունքում հայտնաբերվել էր սատկած խոզերի միս: Մի քանի օր անց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ (Սպառողներին խաբելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Ի՞նչն էր խոզերի անկման պատճառը, ինչո՞ւ լռեցին խնդրի մասին, ի՞նչ հետևանքեր կարող էր առաջացնել սատկած խոզի մսի օգտագործումը: Այս ու այլ հարցեր Panorama.am-ն ուղղել է ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառակությանը:
-Նախորդ տարվա դեկտեմբերին երևանյան երկու շուկաներում հայտնաբերվեց անկած խոզի միս: Կատարվե՞լ է փորձաքննություն, թե սպառողների օգտագործելու դեպքում ինչպիսի՞ հետևանքների կարող էր հանգեցնել միսը:
-Լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ գիտությանը վաղուց հայտնի են դիակային ցուպիկի հնարավոր բացասական ազդեցություններն ու հետևանքները մարդու առողջության վրա: Իսկ լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էր դիակային ցուպիկ, ինչն էլ ապացույց է, որ կենդանին անկած է եղել:
-Ի՞նչ քանակությամբ մսի մասին էր խոսքը:
-Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում վաճառվող խոզի մսեղիքներից կատարվել է նմուշառում թվով` 20 նմուշ (այդ օրը շուկաներում ընդունված բոլոր խոզի մսեղիքներից): Նմուշները տեղափոխվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով: 2014 թվականի դեկտեմբերի 25-ին «Նորքի շուկա» ՍՊԸ-ի սառնարանում գտնվող, իպահ հանձնված չորս գլուխ խոզի մսեղիքը (235 կգ զանգվածով), որը «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի N 011110 անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել էր սննդում ոչ պիտանի, ոչնչացվել է «Էկոլոգիա ՎԿԿ » ՍՊԸ-ի կողմից այրման եղանակով:
-Պարզե՞լ եք արդյոք, ինչն է խոզերի անկման պատճառը:
-Ծառայություն անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և գլխավոր մասնագետ Հայկ Սերոբյանն այցելել են Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ (Արարատի մարզի, գ. Բարձրաշենի տարածք) գտնվող խոզաբուծական տնտեսություն, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ` տեղում զննություն անցկացնելու նպատակով:
Այցելության պահին տնտեսությունում անկած կենդանիներ չեն հայտնաբերվել, առկա 97 գլուխ խոզերը ենթարկվել են կլինիկական զննման և պատահականության սկզբունքով մի քանի կենդանիներ ջերմաչափվել են (նորմայի սահմաններում էր` 38,5 – 39 C°): Զննության արդյունքում կենդանիների վարքի փոփոխություններ և որևէ ինֆեկցիոն հիվանդության կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել:
-Սատկած խոզերի մսի վաճառքի մասին առաջին ահազանգողը կրկին ոստիկանությունն էր: Ինչպե՞ս է ստացվում, որ այս ու մի քանի դեպքերում սննդի անվտանգության համար պատասխանատու կառույցը խնդրի մասին իմանում է ոչ առաջինը:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ որևէ շուկան ենթարկվի ամենօրյա վերահսկողության լիազոր մարմնի կողմից: Այդուհանդերձ, ներդրված են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս մսամթերքի շուկայում ունենալ հսկողություն. մսամթերքը շուկայում իրացվում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցնելուց հետո միայն: Մեր ստուգումների և դիտարկումների ընթացքում հնարավորություն ունենք և կարողանում ենք պարզել` արդյոք իրացնողն ունի պայմանագիր անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մարմնի հետ, և հետագա վերահսկողությունն իրականացվում է հենց փորձաքննություն իրականացնող լիցենզավորված մարմնի անասնաբույժի հետ համագործակցությամբ: Մասնավորապես, երբ անասնաբույժը փորձաքննություն իրականացնելու պահին հայտնաբերում է որևէ կասկածելի դեպք, տեղեկացնում է Ծառայությանը, և Ծառայության տեսուչները դիտարկում գործիքով կարողանում են կանխել վտանգը: Եթե հայտնաբերվում է սատկած մսի վաճառք, նշանակում է՝ մսեղիքը թաքնված է եղել բոլորից. այսինքն՝ կա հանցակազմ, իսկ նման դեպքի րոպեական կանխումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր խանութի մոտ օրական 24 ժամ ունենանք 1 աշխատակից, ինչը, կարծում ենք, բոլորս ենք գիտակցում, որ ռեալ չէ: Իսկ նման խախտումների հանդեպ նաև Ոստիկանության ուշադրությունը և նման խախտումը որպես հանցագործություն դիտարկելը կարծում ենք` էլ ավելի կզգոնացնի մեր տնտեսվարողներին և հնարավորություն կտա նման կանխել դեպքերն ու նվազեցնել ռիսկերը:
-Նշվում էր, որ խոզի միսը շուկայում հայտնվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից: Ֆերմայի սեփկանատիրոջ ով լինելո՞վ է պայմանավորված, որ խնդրի մասին այլևս չի բարձրաձայնվում:
Ինչպես տվյալ, այնպես էլ մնացած բոլոր դեպքերում, սննդամթերքի անվտանգության ոլորտում խնդիրների ի հայտ գալուց հետո Ծառայության կողմից իրականացվել են բոլոր աշխատանքները և գործողությունների տրամաբանության և հաջորդականության վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ բիզնեսի սեփականատիրոջ անձն ու կարգավիճակը: Նշյալ դեպքից հետո իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները և տարբեր առիթներով հանրայնացվել:
-Շուկայում նման դեպքերը կանխելու ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում:
Ծառայությունը պարբերաբար իրականացնում է մշտադիտարկումներ մսի շուկայում, ինչպես նաև ստուգումներ տարեկան հաստատված պլանով:
Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
Հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ
Գյուղնախարարը` շուկայում սատկած խոզի մսի վաճառքի մասի
Սատկած խոզերի մասին վերջապես ՍԱՊԾ-ն խոսեց. Ոչ պիտանի միսը ոչնչացվել է
Որտեղի՞ց գնել միս, ինչի՞ն ուշադրություն դարձնել. Խորհուրդներ սպառողներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները