«Ես ծնվել եմ արտիստ դառնալու համար». Սվետլաննա Գրիգորյանի հիշատակի օրն է
Այսօր «Ծիծաղի թագուհու»՝ Սվետլաննա Գրիգորյանի հիշատակի օրն է: Ուղիղ մեկ տարի առաջ 84 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, Հայաստանի կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ Սվետլանա Գրիգորյանը: 60 տարուց ավել Սվետլանա Գրիգորյանը՝ բոլորի կողմից սիրված Ռոզը, մարդկանց խինդ ու ծիծաղ պարգևեց, ստեղծեց կերպարներ, որոնք մշտապես կմնան հանդիստաեսի հիշողության մեջ:
«Հիշում եմ, 4-5 տարեկանում թռնում էի աթոռին և մեր տան փոքրիկ հայելու առաջ արտասանում էի, ինձնից բաներ հորինում, աջ ու ձախ գլուխ տալիս, ու ինքս ինձ ծափահարում: Դա երևի մանկական խաղ էր, սակայն, անուշիկս, այդ խաղը դարձավ կյանքիս նպատակ: … Սակայն ես ծնվել եմ արտիստ դառնալու համար, դա էր իմ ճակատագիրը, որն ինձ տարավ թատերական ուսումնարան: ... Իմ ամեն բեմ դուրս գալը տոն էր ոչ միայն ինձ համար, երբ իմ արտաբերած ամեն մի բառին, բեմական ժեստերին արձագանքում էիք, ես շոյվում էի ու լիցքավորվում ու ձեզ տոն պարգևում»,- kamartert.am-ին տված հարցազրույցում ( մահվանից օրեր առաջ/)ասել է դերասանուհին:
Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապում է բեմի հետ և անդավաճան մնում տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։
Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրում է իր ողջ տաղանդն ու հմայքը և դառնում հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտել է մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։
Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը՝ Սվետլանան սկիզբ է դրել այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծել իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։
Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորել է ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։
Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։