«Կցանկանայի՝ ՀՀ որևէ ընտրության ժամանակ օգտագործել այն բառերը, որոնք ասվում են ԼՂՀ ընտրությունների դեպքում»
«Արցախում անցկացված խորհրդարանական ընտրություններն անցել են թափանցիկ, բաց, լեգիտիմ: Կցանկանայի Հայաստանի որևէ ընտրության ժամանակ օգտագործել այս բառերը: Արցախից սովորելու բաներ ունենք»: Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Լեռնային Ղարաբաղ: Ընտրություններ զինադադարի պայմաններում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նա նշեց, որ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած բոլոր կառույցները նույն գնահատականն են տվել. «Հայաստանում անցկացված ընտրություններին սովորաբար ԱՊՀ դիտորդները սիրուն գնահատականներ են տալիս, եվրոպացի, ամերիկացի դիտորդները՝ այլ: Արցախի ընտրությունների դեպքում բոլորի գնահատականը նույնն էր՝ անցել է ազատ, թափանցիկ: Սա լավագույն գնահատականն է, որ տրվում է ընտրություններին»:
Թ. Պողոսյանի խոսքով, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցել է բնակչության 67 տոկոսը, իսկ խորհրդարանականին՝ 70 տոկոս:
«Հայկական իրականության մեջ առաջին անգամ ենք հանդիպում, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ավելի մեծ է եղել, քան նախագահական ընտրությունների դեպքում: Հույս ունենք, որ սա Ազգային ժողովին նոր դերակատարում կբերի քաղաքական կյանքի, պառլամենտարիզմի զարգացման գործընթացում»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ մայիսի 3-ին Արցախում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 042, իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296 կամ ընտրողների ընդհանուր թվի 70, 8 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում