«Տոնուս»-ից «քցված» բնակիչների հարցը լուծվել է
Բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «Տոնուս» ՍՊԸ-ից «քցված» շուրջ 200 բնակիչների հարցը կարծես լուծվում է: Պետական տարբեր մարմինների ու «Արցախբանկի» շենքերի առջև բողոքի ցույցեր կազմակերպած բնակիչները վերջապես շունչ կքաշեն. շուտով նրանք կստանան իրենց բնակարանները:
Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը, որը կառավարության ներկայացուցիչն էր տուժած բնակիչներ-կառուցապատող-Արցախբանկ վեճում, Panorama.am-ին տեղեկացրեց, որ կարճ ժամանակ անց՝ հունիսին Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան շենքի հավակնորդ բնակիչներրը կստանան իրենց բնակարանների վկայականները, իսկ Դավիթաշենի 2-րդ թաղամասում կառուցվող շենքի հավակնորդները՝ մինչև տարեվերջ: «Այս թաղամասում անավարտ շենքը սեփականության իրավունքով կփոխանցվի «Արցախբանկ»-ի ներգրաված կառուցապատողին՝ շինարարության ավարտի համար: Դրանից հետո բանկի ֆինանսավորմամբ տարեվերջին Դավիթաշենի գնորդները կստանան իրենց բնակարանների վկայականները», փոխանցեց պարոն Դավթյանը:
Ներկայացնելով խաբված բնակիչների ոդիսականը, վարչապետի խորհրդականը փոխանցեց, որ մասնավոր կառուցապատող «Տոնուս» ընկերությունը շուրջ 200 ընտանիքի հետ նախնական պայմանագրեր էր կնքել Դավիթաշենի շենքից բնակարան տրամադրելու համար՝ հավաքագրելով 2.1 միլիարդ դրամ և 315.000 ԱՄՆ դոլար, ևս 40 ընտանիքի հետ՝ Փափազյան փողոցի շենքից բնակարան տրամադրելու համար՝ հավաքագրելով 1.12 միլիարդ դրամ և 476000 ԱՄՆ դոլար: Սակայն 2013-ին հանկարծ պարզվել էր, որ անավարտ շենքերը 2008 թվականից գրավադրված են «Արցախբանկ»-ից վերցված 7 մլն ԱՄՆ դոլար վարկի դիմաց:
«Այսինքն` նույն բնակարանը ծանրաբեռնված էր և´ քաղաքացու, և´ բանկի իրավունքներով»,-նկատեց Դավթյանը:
Բնակիչների համար առավել անակնկալ էր, երբ տեղեկացան, որ կառուցապատողը 2013-ին սնանկ է ճանաչվել, իսկ էլ ավելի մեծ էր հարվածը, երբ 2014-ի հունիսին հանկարծամահ եղավ ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը: Բնակիչների հույսը կառավարությունն էր ու նրանք պարբերաբար սկսեցին բողոքի ակցիաներ կազմակերպել կառավարական շենքերի առջև: Նրանք դիմեցին ընդհուպ հանրապետության նախագահին:
««Արցախբանկի մտադրությունը՝ պարտքի դիմաց ի սեփականություն վերցնել գրավադրված շենքերը, հանդիպեց մոտ 200 գնորդների բուռն հրապարակային դիմադրությանը և խնդրի վրա հրավիրվեց ՀՀ նախագահի և կառավարության ուշադրությունը: Այնուհետև, իրավական վիճարկումների վարույթներին զուգահեռ, շուրջ երկու տարի շրջանառվում են առողջացման ծրագրի տարբերակներ, որոնցից ի վերջո 2014-ի հոկտեմբերին բանկի բաժնետերերի և Կառավարության միջնորդությամբ գնորդների միջև ձեռք բերվեց համաձայնություն առ այն, որ Դավիթաշենով 1քմ 80 դոլար, Փափազյանով 1քմ 150 դոլար լրավճարով հավակնորդները ստանան իրենց ակնկալած բնակարանների վկայականները՝ շենքերն ավարտված վիճակում», -ասաց Հայկ Դավթյանը:
Այս ծրագիրը մշակվել է բնակիչների հետ համատեղ քննարկումների ժամանակ: Դավիթաշենում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի հավակնորդ Անուշ Պետրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գոհ է. «Ամեն ինչ տեղն ընկավ: Էն ձմռան ցրտին դուրս էինք գալիս ցույցի, վերջապես լսեցին մեզ: ամեն ինչ լավ է, քննարկեցինք, հիմա սպասում ենք: Բայց մինչև բնակարանի վկայականը ձեռքիս չտեսնեմ, չեմ հավատա»:
Այս շենքերին սպասող բնակիչների թվում բազմաթիվ են մարդիկ, ովքեր արդեն 7 տարի ապրում են վարձով` հույսով, որ շուտով բնակարան կունենան: Տիկին Պետրոսյանն ասաց, որ քննարկումների ընթացքում համաձայնության են եկել, որ բնակիչները «մի փոքր ավել գումար կվճարեն, որ շենքը հանձնվի մարդկանց»:
«Փառք Աստծո, ամեն ինչ լավ անցավ, կառավարությունը ու էլի շատ անհատներ լսեցին մեզ», -փոխանցեց տիկին Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան