«Եվրո-2016»-ից առաջ պաշտոնապես կթույլատրվի վերավաճառել տոմսերը
«Euro-2016» կազմկոմիտեի ղեկավար Ժակ Լամբերը նշել է, որ մրցաշարի կազմակերպիչները գիտակցաբար գների միջակայքը շատ բարձր են սահմանել: Նա նաև հաստատել է, որ Եվրոպայի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական հատուկ ալիք կբացվի՝ տոմսերի վերավաճառք իրականացնելու համար:
«Սա նպատակամղված քաղաքականություն է. մենք ուզում էինք, որ նվազագույն ու առավելագույն գների տարբերությունը մեծ լինի, որովհետև կան բարձրակարգ խաղեր, և գինը պետք է համապատասխան լինի: Միևնույն ժամանակ ուզում էինք այնպես անել, որ հնարավորինս շատ մարդիկ կարողանան ներկա լինել մրցաշարին,- Լամբերի խոսքերը մեջբերել է AFP-ն:- Այդ տարբերակը նախ մշակվեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ: 2016 թ. մարտ-ապրիլ ժամանակահատվածում տոմսերի վերավաճառքի համար հատուկ ալիք կբացվի: Եթե ինչ-որ մեկը, ով ավելի վաղ է տոմս գնել, այս կամ այն պատճառով չի կարող ներկա լինել խաղին, ապա կկարողանա վերավաճառել այն անվանական արժեքով: Նման խոշոր մրցաշարերում այդ պրակտիկան առաջին անգամ է կիրառվում»: