«Շախմատ»-ը դպրոցում. Աշոտյանը պատրաստ է հայկական փորձը տրամադրել բոլոր հետաքրքրվող երկրներին
Հայաստանը երեք տարի առաջ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետն ընդունել է Ռումինիայից և ռումինական փորձը օգտակար եղել Հայաստանի համար: Այս մասին այսօր նշել է ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդունելով Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոյին:
Ա.Աշոտյանն իր խոսքում կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների և աստվածաբանության ոլորտում միջբուհական և գիտական համագործակցության ծրագրերի ընդլայնումը: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հնագույններից մեկը, և Տրանսիլ վանիայում առկա է հսկայածավալ մշակութային ժառանգություն, որն այսօր գիտական հետազոտությունների կարիք ունի: Այս մասին հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Նախարարը նաև շնորհակալությունն է հայտնել Ռումինիայի կառավարությանը` Բուխարեստի համալսարանում հայագիտության ամբիոնի վերականգնման և հայերենի դասավանդմանն աջակցելու համար: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ռումինիայի միջև գործող միջպետական կրթական համագործակցությանը, որի շրջանակում իրականացվող կրթաթոշակային փոխանակման ծրագրերը պահանջված են հայ ուսանողների կողմից:
Ա. Աշոտյանը կարևորել է նաև միջբուհական կապերի ակտիվ զարգացումը, որի համար կա կուտակված բավրարար և հաջողված փորձ:
Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ իր համար մեծ պատիվ է գտնվել հինավուրց մշակույթ և պատմություն ունեցող Հայաստանում: Ռումինիայի նախարարը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման վերաբերյալ: Ա. Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել հայկական փորձը տրամադրել բոլոր հետաքրքրվող երկրներին: Միաժամանակ, կողմերն ընդգծել են համատեղ գիտահետազոտական նախագծերի իրագործման անհրաժեշտությունը:
Նշենք, որ մայիսի 14-15-ը Երևանում կկայան Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը:
Նախորդող հրապարակումներ՝
500 պատվիրակ՝ Երևանում անցկացվող ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա