Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին
Թե որքանով վերջնական արդյունքում կթանկանա էլեկտրաէներգիան, կորոշի Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովը՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց և հիմնավորումները քննարկելուց հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքերով՝ ոսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2012-2014 թթ-ին ոչ իրատեսական էներգաարժեկշիռների, ատոմակայանի և ջրի սակավության պայմաններում հիդրոէլեկտրակայաններում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ընկերությունում առաջացել է շուրջ 27,6 մլրդ դրամի ճեղքված: Բացի այդ, ըստ նախարարի, այստեղ կարևոր դեր է խաղացել ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքը:
«Այս մարժային տարում էլ արդեն ձևավորվել է 9.2 մլրդ դրամի ճեղքվածք: Այսինքն՝ վերջին երեք տարիների ընթացքում, ՀԷՑ-ում առաջացել է 37,6 մլրդ դրամի վնաս»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը պատճառ է դարձել, որ էլեկտրաէներգիա արտադրող և պետական, և մասնավոր ընկերություններում որոշակի ֆինանսական խնդիրներ առաջանան:
Հարցին, թե ինչո՞ւ պետք է վճարեն ՀՀ քաղաքացիները օտարերկրյա պետական կառույցի կուտակած պարտքերի դիմաց, Ե. Զախարյանը պատասխանեց, որ ՀԷՑ-ի վնասները եղել են ընդհանուր համակարգի վնասների պատճառով, ատոմակայանի չնախատեսված վերանորոգման, սակավաջուր տարի լինելու և բալանսային հաշիվները խախտելու պատճառով, և սրանից ոչ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի վատ կառավարման արդյունքում կուտակված պարտքերին, ապա, ըստ Ե.Զախարյանի, վատ կառավարումը ընթացիկ աշխատանքներ են, որոնց համար պատասխանատուները հավանաբար կպատժվեն. «Վատ կառավարման համար որոշակի չափանիշներ չկան, որ ճշտես, թե ինքան վնաս են հասցրել, բայց արդյունավետ կառավարման դեպքում վնասները կարող էին ավելի քիչ լինել: Մենք վճարում ենք նրա համար, ինչ վիճակ այսօր կա»:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը՝ Ե.Զախարյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվել է սակագնի բարձրացման վեց հայտ: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակն է թելադրում դրան գնալ, որպեսզի վնասները փոխհատուցվեն:
Բացի այդ, կա ռուբլի-դոլար փոխարժեքի տատանումների գործոնը, որը ստիպում է մեկ անգամ ևս վերանայել սակագները. «Ես համոզված եմ, որ այսօրվա սակագների վերանայման` ներկայացված առաջարկները բոլորը հիմնավոր են, իսկ սակագնի չափը կորոշի Հանձնաժողովը՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց և հիմնավորումները քննարկելուց հետո»:
Ինչ վերաբերում է Կառավարությանը տրված ՀՀ նախագահի հանձնարարականին, որի համաձայն` պետք է իրականացվեն հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի այս տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված խնդիր չառաջանա և բնակչությունը չենթարկվի լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության, Ե.Զախարյանն ասաց, որ այդ մասով ինքը հայտարարել է, թե բանակցություններ են տարվում գազի գների պահպանման ուղղությամբ և նախագահի ջանքերի գնով գազը չի թանկանում. պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ-ի հետ, որպեսզի սակագինը մնա նույնը:
«Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված, թե ամեն ինչ կանենք, որպեսզի չթանկանա, դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ: Մամուլում կարդացի նաև, որ ԱՊՀ երկրներում էլեկտրաէներգիան ավելի էժան է, բայց բոլորովին այդպես չէ, կարող եք ծանոթանալ ու տեսնել, որ Հայաստանում գործող սակագները ոչ բոլոր երկրներից են բարձր»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե ԵՏՄ անդամ երկրների համեմատ էլեկտրաէներգիայի սակագինը ավելի էժան է, Ե. Զախարյանը պատասխանեց, որ Ռուսաստանն ունի սեփական գազ, նավթ, կոմունիկացիաներ` գազ և նավթ տեղափոխոխելու համար. «Իսկ Հայաստանը տարանցիկ երկիր չէ ոչ նավթի, ոչ գազի համար, չունի սեփական էներգառեսուրսներ: Դուք ուզո՞ւմ եք սակագներով համեմատվել Ռուսաստանի հե՞տ»:
Նա մեկ անգամ ևս շեշետեց, որ սակագների բարձրացումը ՀՀ-ից կախված չէ, քանի որ սեփական էներգակիրներ չկան, աշխատավարձը համակարգում համեմատած ԵՏՄ անդամ երկրների հետ ավելի ցածր է: Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ պետք է սակագները վերանայեն, որպեսզի այն գործոնները, որոնք ազդում են սակագների վրա, դրանց փոփոխությունները ներառվեն սակագներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան