Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը՝ Սալոնիկի Գրքի ցուցահանդեսին
Հայաստանը մասնակցել է Սալոնիկի Գրքի 12-րդ միջազգային ցուցահանդեսին, որն անց է կացվել մայիսի 7-ից 10-ը:
Հայաստանի մասնակցությունը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի հանձնաժողովի կողմից: Ի հավելումն Հայաստանից բերված հրատարակություններին, ցուցադրության համար արժեքավոր գրքեր տրամադրվել են նաև Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու «Արևիկ» գրատան և հունահայ «Արմենիկա» ամսագրի խմբագրության կողմից: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հայկական տաղավարում ցուցադրվել են վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում տպագրված հայերեն, հունարեն և օտարալեզու հրատարակություններ` մեծամասամբ Հայոց ցեղասպանության թեմայով:
Մայիսի 7-ին ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը նախորդել է «Համազգային» մշակութային կենտրոնի Սալոնիկի մասնաճյուղի կողմից կազմակերպված գրական-մշակութային միջոցառում «Հոգու տողեր, Հայաստանի տողեր» խորագրով` սալոնիկահայ երիտասարդության մասնակցությամբ: Սալոնիկի քաղաքային թատրոնի դերասան Մանոլիս Ֆուդուլիսի բեմադրությամբ, Կոմիտասի կատարումների ներքո Արաքսյա Գանապետյանը, Անժել Երամյանը, Վիգեն Դերեյանը, Անահիտ և Մելին Քարաօղլանյանները, Մարի Քյուրքչյանը, Ռոզա Փափազյանը և Տիգրան Սարգսյանը ներկայացրին 19-րդ և 20-րդ դարերի հայ պոեզիայի ամփոփ նկարագիրը, ընթերցեցին Խաչատուր Աբովյանի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի հունարեն թարգմանված ստեղծագործություններից:
Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև ցուցահանդեսի բազմաթիվ հույն և օտարազգի այցելուներ:
Հայկական տաղավարը մեծ հետաքրքություն է առաջացրել ինչպես ցուցահանդեսի այցելուների, այնպես էլ հրատարակիչ ընկերությունների մոտ: Հայկական մշակութային միջոցառումն ընդգրկվել է ցուցահանդեսի շրջանակում անցկացված լավագույն միջոցառումների շարքում և լայնորեն լուսաբանվել է հունական լրատվամիջոցների կողմից: