Ֆլետչերի դպրոցը քննարկում է կազմակերպել` նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին
Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի Թավիթյան կրթաթոշակային ծրագրի 2015թ ուսանողները մայիսի 13-ին կազմակերպել են «100 տարի. առաջ եւ հետո» գիտական սեմինար՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:
Միջոցառումը նպատակ ունի ոգեկոչել Օսմանյան կայսրությում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ արժանին մատուցել այն միջազգային ակադեմիական շրջանակներին, որոնք հետազոտություններ են իրականացնում ցեղասպանություններին առնչվող հարցերի վերաբերյալ:
Դիվանագիտության դպրոցում անցկացվող միջոցառումը, որտեղ բացման խոսքով ելույթ է ունենալու դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսը, նպատակ ունի նաեւ աջակցություն հայտնելու ցեղասպանությունների դատապարտմանն ու կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին եւ հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն ազգերի հիշողությանը, որոնք տառապանքներ են կրել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների պատճառով:
Սեմինարին հիմնական զեկույցով հանդես կգա ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ով կքննարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը եւ դրանց ապագան:
Քննարկմանը կմասնակցեն նաեւ Ֆլետչերի դպրոցի պրոֆեսորներ Ալան Հենրիքսոնը, Էլիզաբեթ Պրոդրոմուն, Ռուբեն Շուգարյանը եւ Ամհերստում Մասաչուսեցի համալսարանի հրավիրված պրոֆեսոր Արմեն Բայբուրդյանը: