Բուրգուջուօղլու. Թուրքիան այսօր էլ դեռ չի հասել այն մակարդակին, ինչ կար Արևմտյան Հայաստանում մինչև 15 թիվը
Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, պետք է առերեսվի իր պատմության հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի պառլամենտի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն:
Նա նշեց, որ Թուրքիայից փախել է իր հայացքների համար և բնակություն է հաստատել Գերմանիայում. «Ես էլ եմ մեղսագործության մեջ մեղավոր, քանի որ իմ նախնիները նույնպես մասնակցել են ցեղասպանությանը»:
Հասան Բուրգուջուօղլուն ընդգծեց, որ ինքն ունի իր հստակ դիրքորոշումը՝ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը Ցեղասպանություն է:
Ըստ թուրք մտավորականի, Ցեղասպանություն փաստի ճանաչումը, այս հարցում հստակ դիրքորոշուոմ ունենալը մարդ կոչվելու չափանիշն է: Թուրք մտավորականը նաև նշեց, որ Ցեղասպանությունն այժմ ևս շարունակվում է, քանի որ թուրքերն այժմ ապրում են այն տարածքում, որը հայերի հայրենիքն է եղել:
«Թուրքիայի արևելյան հատվածը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանը, Օսմանյան կայսրության ամենազարգացած վայրն էր. «Թուրքիան այսօր էլ դեռ չի հասել այն մակարդակին, ինչ կար Արևմտյան Հայաստանում մինչև 1915 թվականը»:
Խոսելով Գերմանիայի Բունդեսթագում քննարկվող Հայոց ցեղասպանությաան ճանաչման բանաձևի մասին, Հասան Բուրգուջուօղլուն ասաց, որ այդ օրինագծում «ցեղասպանություն» բառ գոյություն չունի, թեև իր կուսակցության ներկայացրած հայտարարությունում «ցեղասպանություն» եզրույթն առկա էր», բացի այդ այն շատ լղոզված օրինագիծ է:
Ըստ նրա, հետևողական են լինելու, որպեսզի բանաձևը քննարկվի Բունդեսթագում և ի վերջո ընդունվի: