Օբաման Իրանին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ. ԻԻՀ ԱԳՆ արձագանքը
«Իրանը պաշտոնապես աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների (Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, Օման) ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպման նախօրեին, անդրադառնալով Իրանի` տարածաշրջանային քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Իրանը պաշտոնապես աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին. Իրանն աջակցում է Բաշար ալ-Ասադի իշխանության ամրապնդմանը, Լիաբանանում աջակցում է «Հեզբօլլահ»-ին, Եմենում` հութիներին, իսկ Գազայում` «Համաս»-ին»:
Շարունակելով խոսքը` ԱՄՆ նախագահը հավելել է. «Իրանն այդ գործողությունները կատարում է առանց միջուկային զինանոցի. Այժմ պատկերացրեք, որ եթե Իրանը միջուկային զենք ունենար, որքան վտանգավոր կլիներ: Իրանի հետ միջուկային հարցում ջանում ենք հասնել վերջնական համաձայնության, որպեսզի թույլ չտանք, որ այդ երկիրը միջուկային զենք ձեռք բերի»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությանը, մասնավորապես նշել է. «ԱՄՆ նախագահը կրկնում է նախկինում հնչեցրած իր անհիմն մեղադրանքները, որ սիրաշահի իր դաշնակիցներին: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն օրերս ամերիկյան «PBS» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի հանդեպ ամերիկացիների ունեցած մտահոգություններին, մասնավորապես նշել էր. «Եթե անհանգստացած եք միջուկային զենքով, ապա ինչո՞ւ ճնշում չեք գործադրում Իսրայելի վրա, որը շուրջ 200 հատ անօրինական միջուկային մարտագլխիկ ունի: Իրանը վերջին 8 տարվա ընթացքում 8 հատ ատոմային ռումբ ստեղծելու համար բավարար հումք է ունեցել, սակայն երբեք դա չի արել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում