«Ջորջ Թաուն»-ի դասախոս. Ինչո՞ւ է Թուրքիան ներդրումներ անում միայն Իրանի թյուրքալեզու նահանգներում
«Թուրքիայի կողմից Իրանի թյուրքալեզու նահանգներում կատարվող ներդրումների հարցը պետք է լուրջ ուշադրության արժանանա»,-այդ մասին իրանական «Վաթանխահան.քոմ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Վաշինգտոնի «Ջորջ Թաուն» համալսարանի իրանցի դասախոս Շիրին Թահմասեբ Հանթերը:
Իրանցի դասախոսը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, նշել է, որ հնարավոր համաձայնությունից հետո Իրանում օտարերկրյա ներդրումները զգալիորեն կաճեն:
Շիրին Թահմասեբը, ուշադրություն հրավիրելով Թուրքիայի կողմից Իրանի թյուրքալեզու նահանգներում կատարվող ներդրումներին, հավելել է. «Թուրքերի հետ կապված այս հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել. Ինչո՞ւ է Թուրքիան ներդրումներ անում միայն Ատրպատականում կամ Իրանի թյուրքալեզու այլ նահանգներում. ինչո՞ւ թուրքերը ներդրումներ չեն կատարում Իրանի հարավում` օրինակ Բանդար Աբբասում: Դա ցույց է տալիս, որ Թուրքիայի նպատակները թաքնված են նրանց կատարած քայլերի հետևում»:
Հիշեցնենք, որ «Վաթանխահան.քոմ» կայքը, օրերս անդրադարձել էր այս հարցին և մտահոգություն հայտնել, որ Թուրքիայի նպատակն Իրանի թյուրքալեզու ազարիներով բնակեցված քաղաքների հետ սերտ հարաբերություններ հաստատելն ու այդ տարածքներում թուրքական մշակույթը տարածելն է:
Ըստ իրանական աղբյուրի` Թուրքիայի ցանկությունն Ատրպատական նահանգը տնտեսական գաղութ դարձնելն է: