8-րդ Համահայկական նկարչական մրցույթ՝ «Տոհմածառ»
Համահայկական նկարչական մրցույթն այս տարի անցկացվում է մեկ ընդհանուր՝ «Տոհմածառ» թեմայի ներքո, որը կրում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը և արտահայտում է բնության և մարդու անբաժան կապը: Մրցույթը հնարավորություն է տալիս հայ երեխաներին անդրադառնալու իրենց արմատներին, իմաստավորելու անցյալը և յուրահատուկ կերպով հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք
«Համահայկական նկարչական մրցույթ 2015» ֆեյսբուքյան էջից:
Համահայկական նկարչական մրցույթի յուրահատուկ բաղադրիչ է «Նկարչական oր» ամենամյա բացօթյա միջոցառումը: Կրելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհուրդը՝ հունիսի 5-ին Երևանի կենդանաբանական այգին կվերածվի բացօթյա հսկայական նկարչական արվեստանոցի, որտեղ հարյուրավոր երեխաներ և պատանիներ կպատկերեն իրենց ինքնատիպ «Տոհմածառը»: Այս տարի նախատեսվում է ներգրավել նաև ավագ սերնդի նկարիչների, որոնք իրենց երեխաների և թոռնիկների հետ միասին կմասնակցեն միջոցառմանը՝ պատկերելով իրենց ինքնատիպ «Տոհմածառը»:
Մրցույթի թեմաներն են՝ 5-17 տարեկան երեխաների համար՝ «Տոհմածառ», 18- 32 տարեկան երիտասարդ նկարիչների համար՝ «Բնություն և մարդ. քարանձավից մինչև քաղաք»: Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 1-ը:
Մրցույթի ժյուրիի կողմից հաղթողներ կընտրվեն երեք տարիքային խմբերում՝ 5-8, 9-12, 13-16, ովքեր կստանան հատուկ մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, գիրք, դյուրակիր համակարգիչ, իսկ երեխաների նկարները կշրջանառվեն տպագիր և առցանց հրապարակումներում, ցուցահանդեսներում՝ որպես ինքնատիպ ուղերձ հանրության լայն շերտերին: Մրցույթը կամփոփվի օգոստոս ամսին:
Համահայկական նկարչական մրցույթն 2008թ.-ից ի վեր անցկացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի միավորված նախաձեռնությամբ: Մրցույթը «Արևորդի» ընդարձակ կրթական նախագծի մի մաս է՝ ստեղծագործական այլընտրանքային բաց հարթակ Հայաստանում և Սփյուռքում բնակվող 5-16 տարեկան երեխաների և պատանիների համար, որտեղ հայ երեխաները պատկերում են բնությանն ու շրջակա միջավայրին առնչվող իրենց մտքերը, հույզերը, զգացումներն ու մտահոգությունները:
Ութ տարիների ընթացքում մրցույթին մասնակցել են Հայաստանում և արտերկրում բնակվող ավելի քան 30,000 հայ երեխաներ և պատանիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա