«Վերածնունդ» միջազգային մրցույթին այս տարի մասնակցել է 2800 մարդ
Գյումրի քաղաքում կայացած երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին և Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին:
«Վերածնունդ» միջազգային մրցույթից տեղեկացնում են, որ միայն մասնակիցների քանակը և մասնակից երկրների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական և երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը, որին այս տարի մասնակցեցին շուրջ 2800 մարդ , որից 721-ը՝ աշխարհի 36 երկրներից, մնացածը Հայաստանի բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:
Մրցույթի 14 անվանակարգերում մասնակցել են երաժիշտ-կատարողներ հետևյալ երկրներից . ԱՄՆ, Անգլիա, Ավստրիա, Բելոռուսիա, Բելգիա, Գերմանիա, Եգիպտոս, Եմեն, Էստոնիա, Թուրքմենիա, Իրան, Իտալիա, Իսպանիա, Իրաք, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, ԼՂՀ, Լիբանան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սիրիա, Սերբիա, Սուդան, Վրաստան, Տաջիկստան, Տայվան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա:
Մրցութային ծրագրի ունկընդրումները կատարվել են ապրիլի 10-30ը Գյումրու մշակութային և ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն և էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն):
Մասնակիցները հանդես են եկել հինգ տարիքային խմբերով. 14 մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված էին 85 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 20 երկրներից: 46 ենթաանվանակարգերում I,II,III կարգի դափնեկրի կոչմանը արժանացել են 566 մասնակիցներ (1-ին տեղ-266մասնակից,2-րդ տեղ-123մասնակից,3-րդ տեղ-177մասնակից), իսկ 11 անվանակարգերում բացարձակ հաղթողները արժանացան «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգևին՝ Մեծ մրցանակին: 333 մասնակիցներ ստացել են տարբեր խրախուսական դիպլոմներ,121-ը շնորհակալագրեր, այդ թվում՝ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող», «Մասնագիտական հանձնաժողովի խրախուսական», «Բեմական հմայք», «Ազգային երգի լավագույն կատարող» և այլն: Մրցույթ-փառատոնի մասնակիցների համար սահմանված են նաև բազմաթիվ այլ մրցանակներ և հուշանվերներ:
Փառատոնի օրերին նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երևանում անց են կացվել 151 վարպետության դասեր:
Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել ԱՊՀ երկրների առաջավոր երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում արծարծվել են գիտամանկավարժական մի շարք խնդիրներ, կատարվել է առաջավոր փորձի փոխանակում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կնքվել են երկկողմ պայմանագրեր:
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են. ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:
«Վեածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրների մասին այստեղ: