Վճռաբեկ դատարանը մերժել է Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով բողոքները
ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ամբաստանյալների փաստաբանների բողոքներն այն պատճաբառանությամբ, որ դրանցում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կետերով սահմանված հիմքերը հիմնավորված չեն։ Այսինքն, Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել Վերաքննիչ քրեական դատարանի 2015 թ. փետրվարի 2-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը։
Ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի, Վարդան Վարդանյանի պաշտպան Ի.Պետրոսյանը իր բողոքում խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի դատական ակտը և կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով իր պաշտպանյալների անմեղությունը կամ գործն ուղարկել նոր դատաքննության։ Միաժամանակ խնդրել է փոխել Շանթ Հարությունյանի և Վ.Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Panorama.am-ի հետ զրույցում գնահատելով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմումը, փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց. «Ավելի սպասելիքներ, ըստ էության, չունեի Վճռաբեկ դատարանից: Ստանդարտ որոշում է կայացրել՝ ստանդարտ ձևակերպումներով, ոչ պատճառաբանված»:
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն, նա նշեց, որ հնարավոր է. «Պաշտպանյալներիս հետ քննարկելուց հետո կորոշենք ՄԻԵԴ դիմելու հետ կապված հարցը»:
Հիշեցնենք, որ 2014 թ. հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով, Արթուր Մարգարյանը՝ 6 տարվա ազատազրկման, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5: Պատժի սկիզբը համարվում է 2013 թ. նոյեմբերի 5-ը:
Նշենք նաև, որ Տիգրան Պետրոսյանն ու Սևակ Մնացականյանն արդեն ազատության մեջ են. նրանց պատժի ժամկետը լրացրել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան