Ստեփանյան. Թուրքիայից ճտեր ներկրելը հղի է անկանխատեսելի հետևանքներով
Թուրքիայից, որտեղ թռչնագրիպի վարակ կա, մայիսի 6-ին Հայաստան ճտերի ներմուծումը Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Panorama.am-ի հետ զրույցում որակեց անպատասխանատվություն, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
«Սա ասեղ չի, որ կարողանան թաքցնել, դուրս է գալու: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր համար լուրջ խնդիր է ստեղծել, եթե նման բան է եղել: Բայց կարծում եմ նրանք այդքան հիմար չեն, ապահովագրած կլինեն իրենց»,-ասաց Ստեփանյանը:
Ստեփանյանը նշեց, որ մայիսի 7-ին ինքը եղել է ԳՆ Սննդամթերքի անվտանգության ծառայությունում. մասնակցել է հակահամաճարակային միջոցառումների ծրագրի կազմման վերաբերյալ խորհրդակցությանը, իրեն ոչ ոք տեղյակ չի պահել, որ նախօրեին Թուրքիայից ճտեր են բերվել:
Նրան լուրեր են հասել, որ ներմուծողը «Արաքս»-ն է եղել, փորձել է կապ հաստատել ղեկավարության հետ. «Սեփականատերն այստեղ չի, տնօրենը չկա: Ուրիշ աղբյուր էլ չունեմ: Հիմա շրջանում եմ, էլի կփորձեմ կապ հաստատել»:
Նշենք, որ մամուլում հրապարակում է եղել այն մասին, որ մայիսի 6-ին՝ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանից մեկ օր առաջ Հայաստան Թուրքիայից բրոյլեր ճտեր են ներկրվել:
Ծառայությունից հայտնեցին, որ այս պահին ներմուծված ճտերը «Արաքս» թռչնաֆաբրիկայում են:
Ծառայության պետի՝ մայիսի 7-ի հրամանով թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ ներկրելն արգելվել է՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: Որոշումը կայացվել է Թուրքիայի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով: Նշենք, որ հրամանի գործողությունը չի տարածվում Թուրքիայից մինչև 2015 թվականի ապրիլի 23-ը արտահանված ապրանքների վրա:
Ֆեսբուքյան օգտատերեր, քաղաքացիական ակտիվիստ Էդգար Խաչատրյանը, ով ուշադիր հետևում է սննդի անվտանգության ոլորտի բացերին, իր էջում խնդրի վերաբերյալ գրել է. «Սակայն, այժմ էլ պատկան կառույցը փորձում է համոզել, թե արգելքը մի քանի օր ուշացնելը զուտ պատահականություն է և լավ աշխատանքի արդյունք: «Կենդանիների Համաշխարհային Կազմակերպության» պաշտոնական հայտարարությունը նշյալ կառույցի համար բավարար չէր և նրանք որոշել էին ինքնուրույն հետազոտություն իրականացնել: Նման անհեթեթ մեկնաբանություններ անելու փոխարեն կարծում եմ ավելի ճիշտ կլիներ ուղղակի խոստովանել, որ սպասում էին Թուրքիայից արդեն Հայաստան ժամանող բեռի տեղ հասնելուն, որից հետո նոր տրվել է Թուրքիայից ներմուծման արգելքը: Ծառայության գործունեությունից տպավորություն է, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի լավ վիճակում են, քան թուրք-ադրբեջանական»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեռևս մայիսի 5-ից է արգելել թուրքական թռչնամսի ներկրումը: Կառավարության 1237 որոշման համաձայն, պետք է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյուղնախարարության հետ միասին հանձնաժողով կազմի ու տեղում ուսումնասիրություն իրականացնի, ինչից հետո կարող է կարանտին հայտարարելու որոշում կայացնել:
Panorama.am-ը խնդրի վերաբերյալ ՍԱՊԾ-ին հարցեր է ուղղել.
Ե՞րբ են Թուրքիայից արտահանվել ճտերը:
Ո՞վ է ներմուծողը:
Քանի՞ օրական ճտեր են, քանի՞ հատ:
Panorama.am-ի հեռախոսազանգերին թռչնաբուծարանից չպատասխանեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին