Վելայաթի. Եթե միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, քիչ հավանական է, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները կարգավորվեն
«Եթե միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, քիչ հավանական է, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները կարգավորվեն»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի` միջազգային հարցերով գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան բրիտանական «Financial times» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին և այդ համատեքստում Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հավանականությանը, մասնավորապես նշել է. «Իմ կարծիքով համաձայնության հարցը չափազանց զգայուն է, ուստի կողմերը պետք է շատ ուշադիր գործեն և ես չեմ պատկերացնում, որ բանակցությունների ավարտին հասնենք»:
Շարունակելով խոսքը` Վելայաթին հավելել է. «Մենք գտնվում ենք բանակցությունների միջին փուլում և դրանց արդյունքը կախված է Միացյալ Նահանգներից, քանի որ ամերիկացիները մի օր մի խոստում են տալիս, հաջորդ օրն այլ բան են ասում: Եթե միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, քիչ հավանական է, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները կարգավորվեն, քանի որ Միացյալ Նահանգները կշարունակեն հավատարիմ մնալ նախկինում վարած իրենց քաղաքականությանը»:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումը`
Օբաման Իրանին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ. ԻԻՀ ԱԳՆ արձագանքը