Էներգետիկայի ոլորտում կորուստները հաստատվածից 3-4%-ով ավելի են եղել. Երվանդ Զախարյան
Վերջին մեկ տարվա ընթացքում էներգետիկայի բնագավառում կատարված աշխատանքների մեծ մասն ուղղվել է «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի և դրանից բխող Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների կատարմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ ամփոփելով վերջին մեկ տարվա ընթացքում համակարգում իրականացված ծրագրերն ու կատարված աշխատանքները:
Նախարարի խոսքերով՝ վերջին տարիներին համակարգում մեծածավալ աշխատանք է իրականացվել, բացի այդ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների` KfW բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ շարունակվելու են էներգահամակարգի համար էական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ու գծերի արդիականացման և նոր ենթակառուցվածքների ու գծերի կառուցման ծրագրերը:
Էներգահամակարգի կարևոր ծրագրերից Ե.Զախարյանն առանձնացրեց ատոմային էներգիայի բնագավառում իրականացված աշխատանքները: Նրա խոսքերով` ՀԱԷԿ-ի երկորորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով արդեն իսկ վավերացվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված հանաձայնագրերը, որոնց համաձայն` ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027 թ-ը երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը կտրամադրի 270 մլն դոլար արտոնյալ վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ:
Ե.Զախարյանը կարևորեց նաև նոր Միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը: Ըստ նրա՝ շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների՝ այդ թվում նաև Չինաստանի ազգային ատոմային կորպորացիայի հետ: Նա նշեց, որ նոր Միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2018թ-ին:
Խոսելով վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառում իրականացվող ծրագրերից՝ նախարարը նշեց, որ այս ոլորտում կա ներուժ, ինչը պետք է նպատակային ու արդյունավետ օգտագործել:
Ե.Զախարյանի խոսքերով՝ իր հրամանով հաստատվել է նաև էլեկտրաէներգետիկայի համակարգի էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխող էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազման կարգը, որի համաձայն` կազմված էներգահաշվեկշիռը պարտադիր կդրվի սակագների հաշվարկների հիմքում՝ հետագա շեղումներից խուսափելու և վնասների առաջացում թույլ չտալու համար: Մշակվել է ծրագիր՝ ուղղված ներդրումների արդյունավետությանը, սպառողների մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը և կորուստների նվազեցմանը: Ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Հիմք ընդունելով այդ միջոցառումները ՀԷՑ-ը հաստատել է իր` 2015- 2018 թվականների էներգիայի տեխնոլոգիական և առևտրային կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Նախատեսված միջոցառումների իրականացումը, ըստ նախարարի, կապահովի կորուստների կրճատումը՝ նվազագույնը 2 տոկոսով:
Ե.Զախարյանի խոսքերով՝ վերջին 3-4 տարիների ընթացքում կորուստները ՀԷՑ-ում հաստատված կորուստներից ավելի է եղել մոտ 3-4 տոկոսով: Միայն 2014թ-ին ՀԷՑ-ի կողմից հաստատվել է 12.2 տոկոս կորուստ, մինչդեռ իրականում այն եղել է 12.5 տոկոս: «Յուրաքանչյուր մեկ տոկոս կորուստը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 2,5 մլրդ դրամ: Այսինքն՝ էլեկտրացանցերի ֆինանսական վատ վիճակի պատճառներից մեկն էլ հաստատված կորուստներից ավելի բարձր կորուստներն են»,- ասաց Ե.Զախարյանը:
Նախորդող հրապարակում՝
Երվանդ Զախարյանը ո՛չ հեքեց, ո՛չ էլ հաստատեց ՀԷՑ-ի վաճառքի լուրերը
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին
Զախարյանը հուսով է, որ մինչև տարեվերջ նաիրիտցիների ամբողջ աշխատավարձը կմարվի