Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է. Հանրային քննարկում
«Փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է», -այս պահին Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքացի Ալեքսան Աբրահամյանը, որը միացել է «Ոչ թալանին» նախաձեռնությանը:
Նրա խոսքով, պայքարը պետք է մղել երեք ճակատով. «Առաջինը պայքարի թիրախում պետք է լինի այն կազմակերպությունը, որը թանկացնելու է էլեկտրաէներգիան և դա ՀԷՑ-ն է, որի սեփականատերը ռուսներն են: Պայքարի հաջորդ ճակատը Հայաստանի կառավարությունն է, որը պետք է այնպիսի օրենքներ ստեղծի ու այնպեսի վերահսկողություն սահմանի այդ ընկերությունների վրա, որ չկարողանան նման քայլի գնալ՝ մենաշնորհային դիրք գրավելով հանդերձ: Պայքարի մյուս ճակատը Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի դեմ պետք է մղվի և ամերիկացիներին այդ ՀԷԿ-ի վաճառքը ևս թանկացման պատճառ կարող է լինել»:
Քննարկման ժամանակ քաղաքացիներից մեկը հորդորեց հավաքվածներին յուրաքանչյուրն իր շրջապատում մարդկանց տեղեկացնի թանկացման ու դրա հետևանքների մասին և բողոքի ձայն բարձրացնել միասնական պայքարել թանկացման դեմ:
Մասնակից երիտասարդներից մեկը հիշեցրեց տրասնպորտի սակագնի թանկացման դեմ պայքարը՝ «Դեմ ենք 150 դրամին», ընդունելի համարեց փողոցային միասնական պայքարը:
Նշենք, որ նախնական տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը առաջարկում է մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից դարձնել 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ:
Այսօր ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»:
Նախորդող հրապարակում՝
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ