Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական դիրքորոշումը
Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2002 թվականի հունիսին ընդունված իր բանաձևը: Այս մասին տեղեկացնում է «Horizon Weekly»-ն:
«Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Կանադան հավատարիմ է մնում այն սկզբունքներին, որոնք մենք տարածել են ողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի առերեսվում իր անցյալի հետ, ձախողման լուրջ վտանգի է ենթարկում սեփական պատմությունից իրեն ազատելու հնարավորությունը»,- հայտարարել է սենատոր Թանհ Նայի Նգոն:
Սենատորը նաև նկատել է, որ մինչ այս պահը 20-րդ դարի այդ ծանրագույն հանցագործությունը շարունակում է մնալ անպատասխան, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն:
«Մենք պետք է քաջալերենք արդարությունը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունն ու ժողովուրդների խաղաղ համակեցությունը, քանի որ դա է ճիշտը: Ինձ համար պատիվ է խոսել այս պալատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և վերահաստատելու մեր անփոփոխ հանձնառությունը 44 բանաձևին, որն ընդունվել է 2002 թվականի հունիսին»,- նշել է սենատորը:
Ինչպես հաղորդվում է, Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը ևս անդրադարձել է Ցեղասպանության փաստին և ողջունել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին ու դահլիճում ներկա հայ համայնքի մյուս ներկայացուցիչներին: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին իրենց աջակցությունն են վերահաստատել նաև բոլոր մյուս սենատորները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան