Երևանում անցկացվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը (Ուղիղ միացում)
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:
Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին:
Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:
Բոլոնիայի գործընթացի մեկնարկի համար հիմք է հանդիսացել 1998թ. Սորբոնում չորս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի կրթության նախարարների ստորագրած համատեղ հռչակագիրը: Սորբոնի հռչակագրում տեղ գտած հիմնական նպատակները՝ ԵԲԿՏ-ի համար ընդհանուր չափորոշիչների ստեղծում, ուսանողների և ակադեմիական անձնակազմի շարժունություն, որակի ապահովում, ամրագրվել են արդեն Բոլոնիայի հռչակագրում, որը 1999թ.-ին ստորագրել է եվրոպական 29 երկիր:
Բոլոնիայի հռչակագիրը, ի թիվս այլ հանձնառությունների, ամրագրել է նաև նախարարական գագաթաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը յուրաքանչյուր երկու կամ երեք տարին մեկ անգամ: Սահմանվել են նաև գագաթաժողովների անցկացման ընթացակարգերը, համաձայն որոնց` գագաթաժողովը հյուրընկալող երկիրը ստանձնում է նաև Բոլոնիայի քարտուղարության պարտականությունները: Նախարարական գագաթաժողովների ժամանակ ամփոփվում են այդ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների արդյունքները և կոմյունիկեում սահմանվում առաջիկա գերակայությունները:
2012թ.-ին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվել է հաջորդ՝ 2015թ. նախարարական գագաթաժողովը հյուընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր: Բոլոնիայի քարտուղարության պաշտոնական ստանձնման արարողությունը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 27-30-ին, Երևանում, իսկ գործունեության պաշտոնական մեկնարկը սկսվել` 2012թ. հուլիսի 1-ին: 2015 թ. մայիսի 14-15-ին կայանալիք 9-րդ գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են ավելի քան 140 երկրներ ու կազմակերպություններ: Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը Երևանից ստանձնելու է հաջորդ հյուրընկալող երկիրը՝ Ֆրանսիան:
Նշենք, որ Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են