«Մեզ սպասվում են նորանոր հաղթանակներ». Վարչապետը` բիենալեում գրանցած հաղթանակի մասին
ՀՀ կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ մայիսի 9-ին Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարի գրանցած հաղթանակին:
Վարչապետը հիշեցրեց, որ Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցել են սփյուռքահայ 18 ժամանակակից արվեստագետներ, որոնք տարբեր են իրենց մտածողությամբ, ճաշակով:
Նշենք, որ Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայացել է «Հայություն» խորագրով ցուցադրությամբ:
«Սակայն, նրանց միավորում է իրենց ազգությունը: Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդները համախմբվելով մի գաղափարի շուրջ կարողացան աշխարհին ցույց տալ, թե ով է հայը, ինչ ներուժ ունի, և ինչպես է կարողանում հայ արվեստը ինտեգրել համաշխարհային մշակույթին»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ միջազգային հեղինակավոր հարթակում մեծ պատիվ էր արժանանալ այս բարձրագույն պարգևին, և կրկնակի կարևոր է, որ այն տեղի ունեցավ այս տարում:
«Հայկական տաղավարի ստեղծումն ու հաղթանակը Հայոց ցեղասպնության տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության համակարգողների, հայ արվեստագետների միասնական հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունք է»,- ասաց վարչապետը՝ շնորհավորելով բոլորին աննախադեպ այս հաղթանակի առթիվ:
Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ ապագայում ևս մեզ սպասվում են նորանոր հաղթանակներ:
Նախորդող հրապարակումներ՝
Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի
Արվեստաբանի դիտարկումները՝ Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի ու հաղթանակի մասին