Թուրքիայի պետական հեռուստաալիքն Իրանի Արևելյան Ատրպատականը ներկայացրել է որպես անկախ երկիր
«Թուրքիայի պետական հեռուստաալիքն Իրանի Արևելյան Ատրպատական նահանգը ներկայացրել է որպես անկախ երկիր»,-այդ մասին նշված է իրանական «Վաթանխահան.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, ընդգծելով Թուրքիայի կողմից Իրանի պանթյուրքիստական, անջատողական գաղափարախոսություն ունեցող խմբավորումներին աջակցելու փաստը, գրում է. «Թուրքիայի պետական «TRT» հեռուստաալիքն Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի «Տրակտորսազի» և Թեհրանի «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմերի խաղը լուսաբանելիս Ատրպատական նահանգը ներկայացրել է որպես անկախ երկիր` Իրանից անջատ»:
«Թավրիզի «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմպանթյուրքիստ երկրպագուները նույնիսկ հաջողացրել են խաղի ժամանակ մարզադաշտի տրիբունաներում պարզել Թուրքիայի դրոշը, և սա այն դեպքում, երբ անվտանգության աշխատակիցներն արգելում են «Տրակտորսազիի» երկրպագուներին խաղին ներկայանալ Իրանի դրոշներով»,-իր զարմանքն է արտահայտում իրանական կայքի մեկնաբանը:
Հիշեցնենք, որ «Վաթանխահան.քոմ» կայքը, օրերս անդրադառնալով` Թուրքիայի կողմից Իրանի պանթյուրքիստական գաղափարախոսություն ունեցող խմբերին տրամադրվող աջակցությանը, մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիայի նպատակն Իրանի թյուրքալեզու ազարիներով բնակեցված քաղաքների հետ սերտ հարաբերություններ հաստատելն ու այդ տարածքներում թուրքական մշակույթը տարածելն է:
Ըստ իրանական աղբյուրի` Թուրքիայի ցանկությունն Ատրպատական նահանգը տնտեսական գաղութ դարձնելն է:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները`
«Ջորջ Թաուն»-ի դասախոս. Ինչո՞ւ է Թուրքիան ներդրումներ անում միայն Իրանի թյուրքալեզու նահանգներում
Իրանական կայք. Իրանը չպետք է թույլ տա, որ Ատրպատականը դառնա Թուրքիայի տնտեսական գաղութը