«Վարչապետ, իջի՛». Նաիրիտցիները երկօրյա նստացույց են սկսել (տեսանյութ)
Նաիրիտցիներն այսօր կառավարություն էին եկել բարձերով ու աթոռներով. նրանք երկօրյա նստացույց են հայտարարել կառավարության շենքի դիմաց երկու պահանջով` աշխատավարձերի մարում և երբեմնի հզոր գործարանի վերագործարկում:
«Մեր պահանջը միշտ եղել ու մնում է նույնը` նաիրիտցիները պահանջում են մարել աշխատավարձերը ու վերագործարկել հսկա գործարանը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը:
Մեր խնդրանքով անդրադառնալով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի «Նաիրիտ»-ի մասին հայտարարությանը, թե մինչև տարեվերջ ամբողջ աշխատավարձը կմարվի, Հարությունյանն ասաց, որ նման լուծումը իրենց չի բավարարում:
«Անցած տարի պետք է մեր հարցը լուծեին, բայց չլուծվեց: Մենք վեց ամիս է փողոցներում ենք, որ հարցը լուծվի, հայտարարում են, որ մինչև տարեվերջ հարցը կլուծվի»,- նկատեց Հարությունյանը:
Նա հույս ունի, որ նստացույցը կօգնի, հարցեր կլուծվեն, հատկապես որ «Նաիրիտը գրավից հանվում է»:
«Հսկայական քայլեր արվում են գործարանի ֆինանսական հարցերը լուծելու ուղղությամբ, եթե այդպես է, ինչո՞ւ հնարավոր չէ լուծել մարդկանց առօրեական խնդիրը», -տարակուսանք հայտնեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Զախարյանի հայտնած կասկածներին գործարանը չվերագործարկելու մասին, Հարությունյանը արձագանքեց, հիշեցնելով արցախյանի ազատամարտի տարիներին գործարանի վերագործարկումը, երբ միլիոնավոր դոլարներ դրա համար չէր պահանջվում:
«Եթե դա հնարավոր էր այդ խայտառակ ծանր տարիներին, ուրեմն դա հնարավոր է նաև այսօր»,-նշեց Հարությունյանը` ընդգծելով, որ Զախարյանի կասկածների մասին հայտարարությունը «ոչ ճիշտ է»:
Կառավարության դիմաց մեծաթիվ նաիրիտցիների երկօրյա նստացույցը մեկնարկեց այսօր ժամը 13:00-ից: Երբ կազմակերպիչների կողմից այդ մասին հայտարարվեց պաշտոնապես, գործարանի երկարամյա աշխատակիցներից մեկը սկսեց նյարդայնանալ:
«Մենք ավազակություն, գողություն չենք անում, պահանջում ենք մեր աշխատավարձը: Վարչապետ, իջի, արա: Իջեք մի հատ մի բառ ասեք, արա: Դե որ ասելու բան չունեն, թող հեռանան: Ինչքան կարելի ա հանցագործ ըլնեն»,-բղավում էր ծերունին:
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: