The Washington Post. Ադրբեջանի նավթային ընկերությունը գաղտնի ֆինանսավորել է ԱՄՆ կոնգրեսականների այցը Բաքու
Ամերիկյան առաջատար The Washington Post պարբերականը փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը գաղտնի ֆինանսավորել է է ԱՄՆ 10 կոնգրեսականների և աշխատակազմի 32 աշխատակիցների այցը Բաքու` այնտեղ 2013 թվականին կայացած «ԱՄՆ-Ադրբեջան համագումար. Ապագայի տեսլական» գիտաժողովին մասնակցելու համար:
Պարբերականի կողմից տեղեկատվության համար աղբյուր է ծառայել Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի գաղտնի զեկույցը, որտեղ հետազոտվում են բոլոր այն դեպքերը, երբ օտարերկրյա կառավարությունները փորձում են ԱՄՆ կոնգրեսի կանոնադրական նորմերը խախտելով ազդել ԱՄՆ կողմից իրականացվող քաղաքական որևէ կուրսի վրա:
Համաձայն հրապարակված զեկույցի` օրենսդիրները և նրանց աշխատանքային անձնակազմի անդամները 100 հազարավոր դոլարներ են ստացել Բաքու կատարած գործուղման ծախսերի համար, ինչպես նաև՝ մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա սպասք և ադրբեջանական գորգեր` 2500-10 000 դոլար արժողությամբ: Ճանապարհորդական հաշիվների համաձայն էլ կոնգրեսականների ուղևորությունն արժեցել է 112 899 դոլար:
(Լուսանկարում The Washington Post-ի առաջին էջն է):
Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը ԱՄՆ-ում գործող շահույթ չհետապնդող ընկերությունների միջոցով 750 000 դոլար է ուղղել գիտաժողովի ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար:
Պարբերականը մանրամասնում է, որ նախապես Կոնգրեսին ադրբեջանական կողմից տեղեկացվել է, որ գիտաժողովի հովանավորությունը իրականացվում է շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից, որի մասին էլ, պարբերականի դիտարկմամբ, կեղծ փաստաթղթեր են ներկայացվել Կոնգրեսին:
Հրապարակված 70 էջանոց գաղտնի զեկույցը մեծ աղմուկ է առաջացրել կոնգրեսականների շարքերում: Գիտաժողովին մասնակցած կոնգրեսականների մամուլի գրասենյակների կողմից տարածված հայտարարություններում նշվում է, որ կոնգրեսականները պատկերացում չեն ունեցել, որ գիտաժողովի ֆինանսավորումը իրականացրել է ադրբեջանական կառավարությունը, այն էլ գաղտնի կերպով:
Պարբերականը նկատում է, որ կոնգրեսականների մեջ են եղել նաև նախագահ Օբամայի նախկին օգնականներ Ռոբերթ Գիբբսը, Ջիմ Մեսսինան և Դեյվիդ Փլոուֆը: Միաժամանակ The Washington Post-ը հավելում է, որ չնայած կոնգրեսականները քննիչներին ասել են, որ իրենք տեղյակ չեն եղել այդ ամենում SOCAR-ի մասնակցության հանգամանքից, բայց գիտաժողովի սրահներում եղել են բաներներ և պոստերներ, որոնք կրել են SOCAR-ի լոգոտիպը:
Պարբերականի փոխանցմամբ` այս պահին կոնգրեսականներից շատերը հարցաքննություններ են անցնում` ներկայացնելով պարզաբանումներ իրենց ճանապարհորդական ծախսերի և կոնգրեսի կողմից թույլատրված արժեքը գերազանցող նվերների մասին, որոնք կոնգրեսականները ստացել են Բաքվում: