Հայաստանում շոգ ամառ չի սպասվում
Հայաստանում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև մայիսի 15-ը, ժամանակ առ ժամանակ անձրևները կշարունակվեն, կդիտվեն ամպրոպներ, օդի ջերմային ֆոնը և այսօր, և վաղը փոփոխություն չի կրի. սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Մայիսի 16-ին, նրա խոսքով, ցիկլոնը կհեռանա Հայաստանի տարածքից և մայիսի 16-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, ինչը երկար չի տևի և մայիսի 17-ից 19-ը դարձյալ նոր պրոցես է մոտենում:
«Հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, իսկ մյուս շրջաններում երեկոյան կնկատվեն ամպրոպներ և նույնպես կա կարճատև անձրևների հավանականություն»,-փոխանցեց Սուրենյանը:
Իսկ օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ մայիսի 16-ից ու արդեն մայիսի 18-ին, մայիսի 19-ին Երևանում կլինի մինչև 26-27 աստիճան տաքություն:
Հիմնականում երեկոյան ժամերին անձրևները կշարունակվեն մինչև մայիսի վերջ:
Ինչ վերաբերում է սպասվող ամռանը, Սուրենյանն ասաց, որ Հայաստանում շոգ ամառ չի սպասվում:
«Այս պահին չեմ կարող ասել, թե միջինում որքան կլինի ջերմաստիճանը, բայց հաստատ շոգ չի լինի», -ասաց օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
Հարակից հրապարակում`
Առատ տեղումները մտահոգում են գյուղատնտեսներին