Արգելված ժամանակահատվածում Թուրքիայից Հայաստան է բերվել 80 հազար հատ մեկ օրական ճուտ
Մայիսի 6-ին «Արաքս» ընկերությունը Հայաստան է բերել 80 հազար հատ մեկ օրական ճտեր: Մի քանի օր համացանցում ու մամուլում շրջանառվող հրապարակումների մասին Panorama.am-ին նման տվյալներ տրամադրեցին ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ Թուրքիայից արտահանումը եղել է մայիսի 5-ին:
Ամսաթիվն ուշագրավ է, քանի որ ՍԱՊԾ պաշտոնական կայքում գրված է.
«Արմեն Հայրապետյանի մայիսի 7-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: Նշենք, որ հրամանի գործողությունը չի տարածվում Թուրքիայից մինչև 2015 թվականի ապրիլի 23-ը արտահանված ապրանքների վրա»:
Փաստաբան Կարեն Մեջլումյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, դա նշանակում է, որ իրավական ակտի գործողությունը՝ այսինքն արգելքը տարածվում է ապրիլի 23-ից հետո արտահանված թռչնամթերքի վրա:
Ստացվում է, որ ճտերը Հայաստան բերելու օրն արդեն արգելքը գործել է, այսինքն ներկրում չէր կարելի:
Panorama.am-ը ՍԱՊԾ-ից խնդրի վերաբերյալ արդեն պարզաբանում խնդրել է:
Նշենք, որ Թռնչնաբույծների միության նախագահը եղածն անպատասխանատվություն որակեց, որը հղի է անկանխատեսելի հետևանքոներով:
Խնդրի վերաբերյալ այսօր հաղորդագրություն է տարածել սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրներին հաճախ անդրադարձող, ակտիվիստ Էդգար Խաչատրյանը.
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իբրև թե պարզաբանում է տարածել Թուրքիայից ներկրված թռչնամսի հնարավոր վտանգների վերաբերյալ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ պատրաստակամ են համագործակցության, կողմնակից՝ առողջ քննադատության: Հաղորդագրության մեջ չեն մոռացել անգամ սովորեցնել ԶԼՄ ներկայացուցիչներին ճիշտ աշխատել՝ հորդորելով նախքան խուճապ առաջացնող տեղեկատվության հրապարակումը թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Տեղեկացնեմ, որ մամուլում առկա են բազում հրապարակումներ առ այն, որ «ՍԱՊԾ-ից տեղեկացրեցին, թե չեն կարող տեղեկատվություն տրամադրել» կամ «ՍԱՊԾ-ն այդպես էլ չպատասխանեց այս կամ այն հարցին»:
«Թռչնաբույծների միության» նախագահը Թուրքիայից թռչնի ներկրումը որակել է որպես անպատասխանատվություն, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է լուրջ խնդիրներ ստեղծել: Եթե անգամ երջանիկ պատահականությամբ անփույթ աշխատանքը բացասական հետևանքներ չի ունեցել, դա դեռ չի նշանակում, որ ծառայությունը չի գործել անփույթ և իր գործունեությունը չէր կարող ունենալ խիստ ծանր հետևանքներ:
Իսկ ծառայությունն իրեն թույլ է տալիս ոչ մասնագիտական և չհիմնավորված համարել անգամ «Թռչնաբույծների միության» նախագահի խոսքը և նույն հաղորդագրությամբ կոչ է անում ԶԼՄ ներկայացուցիչներին պարզաբանումներ ստանալ մասնագետներից. Եթե «Թռչնաբույծների միության» նախագահը մասնագետ չէ, ապա ո՞վ է մասնագետը. Բանասեր, պատմության ուսուցիչ ծառայության պետը, թե թուրքագետ աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Իբրև թե պարզաբանմամբ այդպես էլ չեն տրվել հիմնական հարցերի պատասխանները՝
• Ի՞նչպես ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայց ներկրումն արգելեց ավելի ուշ, քան Ադրբեջանը:
• Ինչպե՞ս ստացվեց, որ չնայած հրամանով արգելքը չի տարածվում մինչև ապրիլի 23-ը Թուրքիայից արտահանված մթերքի վրա (այսինքն տարածվում է ապրիլի 23-ից հետո արտահանված բոլոր մթերքների վրա), սակայն մայիսի 6-ին Հայաստան Թուրքիայից թռչուն է ներմուծվում:
• Եթե այդքան հեշտ է տարբերակել կենդանին հիվանդ է, թե առողջ, և առանց խնդիրներ ունենալու կարելի է ներկրում իրականացնել, ո՞րն էր անհրաժեշտությունն արգելք սահմանելու:
• Արդյո՞ք Ծառայությունը նախօրոք տեղյակ չէր, որ Թուրքիայից պետք է թռչուններ ներկրվեն, և եթե ոչ, ապա ինչպես են առանց նախնական թույլտվությանն ներկրում իրականացնել:
Հասարակության մոտ խուճապ է առաջանում, քանզի տրված չեն հենց այս հարցերի պատասխանները և ոչ այն պատճառով, որ ԶԼՄ ներկայացուցիչները կամ քաղաքացիներն ընդամենը բարձրաձայնում են, որ չկան այս հարցերի պատասխանները:
Կոչ եմ անում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ պարզաբանումներ տալիս ուրիշներին աշխատել սովորեցնելու փոխարեն ընդամնեը կատարել իրենց աշխատանքը և պատասխանել բարձրաձայնված հարցերին»:
Նախորդող հրապարակումներ՝
Ստեփանյան. Թուրքիայից ճտեր ներկրելը հղի է անկանխատեսելի հետևանքներով
ՍԱՊԾ. Թուրքիայից բերված ճտերը կարանտինային հսկողության ներքո կլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան