Էդգար Ղազարյան. Ցանկացած դժվարություն պետք է ընտանիքների ոչ թե բաժանման, այլ համախմբման առիթ հանդիսանա
Ընտանիք միջազգային օրվա առթիվ Panorama.am-ը մի քանի հարց է ուղղել Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանին:
-Լավ ընտանիք ունենալը բա՞րդ բան է:
-Կարծում եմ, որ ոչ:
-Հայաստանում ամուսնալուծությունների թիվը կտրուկ ավելացել է: Ի՞նչ է պետք ամուր ընտանիք ունենալու համար?
-Ամուր ընտանիքի հիմքում միայն սերն է: Ընտանիքը սիրո արդյունք է, և այն կարող է միայն գոյատևել սիրո, հարգանքի, փոխադարձ ուշադրության պարագայում:
- «Յոթ որդով սեղան նստեք» հորդոր-մաղթանքին քչերն են հիմա հետևում: Ինչո՞ւ:
-Որպես կանոն շատ երեխաներ ունենալու հարցում ծնողները բազմաթիվ պատճառաբանություններ են բերում, որոնք, որպես կանոն, հիմնավոր չեն: Որքան շատ են ընտանիքում երեխաներն, այնքան ընտանիքը գեղեցիկ է, ամուր և հաստատուն:
-Հասցնո՞ւմ եք ժամանակ հատկացնել ընտանիքին:
-Աշխատանքային ծանրաբեռնվածությունը, երբեմն, ստիպում է աշխատել նաև երեկոյան ժամերին, տոն և հանգստյան օրերին, ինչն, անշուշտ կատարվում է ընտանիքի հաշվին: Սակայն փորձում եմ, որքան հնարավոր է, շատ ժամանակ հատկացնել ընտանիքին:
-Ձեր ընտանիքում վեճեր լինո՞ւմ են, ինչի՞ շուրջ են դրանք:
- Վեճեր, իհարկե լինում: Դրանք հիմնականում կրում են կենցաղային բնույթ, երբեմն մեր զավակներից ավելին ենք պահանջում, տարիքային տարբերություններից ելնելով ոչ բոլոր հարցերում եմ լինում համակարծիք: Բայց դրանք արագ են հարթվում և շուտ են մոռացվում:
-Ձեր երեխաներին առավել հաճախ ի՞նչ եք հորդորում:
-Երեխաներից հիմնականում պահանջում ենք լավ սովորել, լինել զուսպ և չափավոր, հարգեն իրենց շրջապատի մարդկանց, սիրեն իրենց Հայրենիքը:
-Եվ Ձեր խորոհուրդը դժվարության հանդիպած երիտասարդ ընտանիքներին:
-Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել ժամանակի ընթացքում միայն փոխօգնությամբ և համատեղ: Ուստի ցանկացած դժվարություն պետք է ընտանիքների ոչ թե բաժանման, այլ համախմբման առիթ հանդիսանա:
Լուսանկարները՝ Էդգար Ղազարյանի ֆեսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան