Երեցկինը՝ որդեգրած երեխաներին. «Ո՞նց էինք մենք առանց ձեզ ապրում» (տեսանյութ, լուսանկարներ)
Հուսիկն ու Հովհաննեսը բախտակից ընկերներ են: Նրանք ինը տարի շարունակ ապրել են մանկատներում, հիմա ընտանիք ունեն, ապրում են նույն հարկի տակ՝ Տեր Գրիգորի տանը:
Երկու տարի առաջ ընտանիքը՝ Տեր Գրիգորը, երեցկին Անահիտն ու նրանց միակ դուստրը որոշեցին Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներից մեկին՝ Հովհաննեսին, ով կույր է ու առողջական այլ խնդիրներ ունի, պետք է որդեգրեն: Որոշ ժամանակ անց՝ Հուսիկն էլ դարձավ նրանց ընտանիքի անդամը: Հուսիկն էլ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունի, անվասայլակով էր տեղաշարժվում:
Վիրահատությունից հետո արդեն քայլակի մասին էլ է մոռացել: Ասում է՝ սպասվող մյուս վիրահատության էլ տղամարդու պես է անցկացնելու, գլուխ է գովում՝ առաջին վիրահատությունից հետո ցավերին ուժեղ մարդու պես է դիմացել:
Հովհաննեսին մի ամերիկացի բժիշկ խոստացել է անվճար հետազոտել: Ամերիկյան դեսպանատունը հրաժարվում է մուտքի վիզա տրամադրել. «Մեզ ասացին, փորձեք մարդասիրական ճանապարհով գնալ: Մի՞թե մարդասիրություն չէ, որ անծանոթ բժիշկը մեզ հրավիրում է անվճար հետազոտության: Մենք չենք հուսահատվում»:
«Սա հոգու կանչ էր այն առումով, որ տեսնում ես դու ունես դժվարություններ, բայց ունես ձեռք, ոտք, տեսողություն… Եվ ահա տեսնում ես՝ կան մարդիկ, ովքեր չունենալով դրանք, ավելի մաքուր են, ավելի անկեղծ են, ավելի սիրով են լցված: Սա մեզ առիթ հանդիսացավ, որ մտածենք՝ ինչո՞ւ չպետք է օգնենք, ձեռք բռնենք, միասին անցնենք այս ճանապարհը: Մենք հաճախ պատճառաբանություններ ունենք՝ ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք պահելու, որտեղի՞ց ենք ճարելու, բայց դրանք լուծվող են»,-հուզվում է տիկին Անահիտը:
Երեխաների՝ տանը հայտնվելուց հետո շատ բան է փոխվել: Ապրում են ավելի հագեցած՝ առավոտյան երեխաներին դպրոց, հետո Հուսիկը թվարկում է, թե ինչ պարապմունքների են գնում՝ շախմատ, դհոլ, Հովհաննեսն էլ լավ լավ ձայն ունի, ասում է`Դիանա Գուրցկայայի հետ հանդես է եկել զուգերգով: Մեր խնդրանքն էլ չի մերժում՝ սիրով հայտնի երգի մի հատված է կատարում:
«Ես ուզում էի ընտանիք ունենալ, ունեցա այս լավ ընտանիքը: Մանկատանը գիշերը պառկած մտածում էի, չգիտեի, ո՞վ ինձ իր տուն կտանի, կպահի, նայում էի Մայր Հայաստանի արձանին, զգում էի, որ կարոտել եմ մայրիկին, հետո օրվա ընթացքում զանգում էի, մի երկու բառ խոսում էի, հետո գիշերը երազ էի տեսնում: Հովհաննեսին մի անգամ հարցրեցի՝ ե՞րբ եմ գալու ձեր տուն, ասաց՝ մաման կասի, հետո ես սկսեցի հուզվել»,-պատմում է Հուսիկը: Նա թվարկում է, թե ինչ խմբակներ է այցելում՝ գորգագործություն, ցելոֆոնագործության, նկարչության, շախմատի, դհոլի…
Նրանք երկուսն էլ այս պահին 11 տարեկան են: Սա այն ամիսներն են, երբ տանը կրտսեր չկա, մի քանի ամիս անց, երբ Հովհաննեսը կդառնա 12 տարեկան, Հուսիկը ծնողներին նորից հարցնելու է՝ «տան կրտսերը միշտ ե՞ս եմ լինելու»:
Տանը գործերը բաժանել են, Հովհաննեսը գորգն է փոշեկուլով մաքրում, Հուսիկը՝ կահույքի փոշիներն է սրբում, մոտակա խանութից հաց է գնում:
«Ես հաճախ եմ նրանց ասում՝ ո՞նց էինք մենք առանց ձեզ ապրում: Իսկապես, սա մի անպատմելի բան է: Կա մի բան, որի համար դու շարունակում ես նորից ապրել: Չասեմ, որ կյանքը մինչ այդ դադարել էր, բայց սա մի այլ իմաստ է, երբ դու օգտակոր ես մեկին, երջանկացնում ես ինչ-որ մարդկանց, դու ավելի ես երջանկանում, դու ավելի ես սիրով լցվում: Սա օրինակ պետք է լինի, որ հետագայում իրենք էլ օգտակար լինեն իրենց ճակատագրով, իրենց ճանապարհին հայտնված մարդկանց՝ ձեռք մեկնող, հոգատար, սրտացավ, ես հիմա լիարժեք հոգեկան բավարարվածության մեջ եմ, դու ինչ-որ մեկին պետք ես, պարզվում է՝ մենք էլ իրենց կարիքն ունենք»,-ասում է տիկին Անահիտը:
Զրույցի ընթացքում Տեր Գրիգորն է զանգահարում: Հովհաննեսը ուրախ տեղեկացնում է, որ անակնկալ կերպով իրենց տուն մարդիկ են այցելել՝ ընտանիքի տոնը շնորհավորելու:
«Բա ինչ կանենք, առանց ինձ»,-հեռախոսից լսվում է տան հոր ձայն ու ծիծաղը:
Երեխաները տարբեր են, իրար նման չեն. «Հովհաննեսը լիրիկ է, ռոմանտիկ, ինտիլիգենտ ներքինով, Հուսիկս՝ ուտող-խմող, դհոլչի, քաբաբչի, անմիջապես բոլորի հետ մտերմանա»:
*Մանկատների աշխատակիցները, որտեղ անցած տարիներին ապրել են երեխաները, չեն հիշում, որ նրանցով հարազատներից մեկը հետաքրքրված լինի: Հովհաննեսը մանկատուն է տեղափոխվել հիվանդանոցից, Հուսիկին գտել են փողոցում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարցազրույցները` Լալա Տեր-Ղազարյանի
Տեսանյութը՝ Վարդան Պողոսյանի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները