Քաղցկեղի ուսումնասիրման և հայտնաբերման տեսակետից հայկական մասնագետները լիարժեք են. փոխնախարար
Հայաստանում հակաուռուցքային ծառայությունները լիովին համապատասխանում են գոյություն ունեցող ստանդարտներին, քաղցկեղի ուսումնասիրման և հայտնաբերման տեսակետից հայկական մասնագետները լիարժեք են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ՀՀ քաղցկեղի ախտորոշում ունեցող քաղաքացիները բուժվելու համար մեկնում արտերկիր, նա նշեց. «Զուտ անձնական ընտրություն է»:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանում աշխատանքներ են տարվում ստեղծելու օնկոլոգիական գերազանցության կենտրոն, որը հագեցած կլինի ժամանակակից օնկոլոգիական ծառայությունների նորագույն տեխնոլոգիաներով: Ս. Խաչատրյանը նշեց, որ ներկայումս ընթանում են նաև կենտրոնի նախագծման աշխատանքները, բայց զուգահեռաբար աշխատում են բուժման ստանդարտների, ուղեցույցների ներդրման ուղղությամբ:
«Մենք նախատեսում ենք նաև մասնագետների կրթություն և մասնագիտական զարգացում, որը տեղի է ունենալու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Պետական բյուջեի միջոցներով մասնագետներին ուղարկելու ենք արտերկիր՝ փորձի փոխանակման, մասնագիտական բարելավման նպատակով»,- ասաց փոխնախարարը:
Խոսելով Հայաստանում իրականացվող արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստման մասին, փոխնախարարը նշեց, որ պատվաստանյութը բավականին թանկ է, հետևաբար պետպատվերի շրջանակում չի իրականացվում: Նա ասաց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում դա իրականացվում է, և ցանկացած կին իր միջոցներով կարող է ստանալ: Փոխնախարար Խաչատրյանը հույս հայտնեց, որ գուցե ժամանակի ընթացքում կարողանան պետպատվերի շրջանակում իրականացնել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա