«Լուծում ենք ոչ միայն Գողթի, այլև հարակից գյուղերի բնակիչների զբաղվածության հարցը»
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Կոտայքի մարզում, որտեղ այցելեց Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ընկերության վարդերի ջերմատնային համալիր: Նախագահը ծանոթացավ վերջին շրջանում ընկերության կողմից արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ներդրումային ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին ու ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպվող արտադրական գործընթացին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Էկոտոմատո» ընկերության տնօրեն Արսեն Սանդոյանը, 2011թ-ի մայիսին հիմնադրված ընկերության նպատակն էր Հայաստանում հիմնել ժամանակակից տեխնոլոգիաներով զինված ջերմոցային տնտեսություն:
Այդ նպատակով 2011թ-ին դեկտեմբերին շահագործման է հանձնվել հոլանդական վարդեր աճեցնելու համար նախատեսված 2 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային տնտեսություն, որի ներդրումային ծրագիը կազմել է շուրջ 1.9 մլրդ դրամ:
Ա.Սանդոյանի խոսքերով՝ դրանից հետո ընկերությունը ընդյալնել է արտադրական ծավալները. 2012-ին ջերմատան մակերեսը ընդլայնվել է՝ հասնելով հինգ հեկտարի, իսկ 2014թ-ին՝ 8 հա-ի: Ըստ նրա՝ ութ հեկտար ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիրի կառուցման համար ներդրվել է 7.7 մլն դրամ, ստեղծվել է 120 աշխատատեղ՝ 140 հազար դրամ միջին աշխատավարձով:
Ընկերության տնօրենը նշեց, որ համալիրում աճեցվում են 24 տեսակի հոլանդական վարդեր, իսկ արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է ՌԴ, Բելառուս, Վրաստան, 30%-ն իրացվում է Հայաստանում:
Ա.Սանդոյանն ասաց, որ նման վարդեր ոչ մի տեղ չեն աճում, պրեմիում կարգի վարդեր աճում են միայն Էկվադորում, սակայն դրանք բավականին թանկ արժեն. «Կարող եմ ասել, որ միջին կարգի վարդեր աշխարհի մակարդակով աճեցնում ենք Հայաստանում»:
Ա.Սանդոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, քանի որ գյուղատնտեսության, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսության զարգացումը գտնվում է նրա ուշադրության կենտրոնում:
«Ջերմոցային տնտեսության ստեղծումով լուծում ենք ոչ միայն Գողթի, այլև հարակից գյուղերի բնակիչների զբաղվածության հարցը»,- ասաց նա:
Գողթ համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նույնպես շեշտեց, որ ջերմոցների ստեղծումով համայնքի բնակիչներին ապահովել են աշխատանքով:
Նշենք, որ համայնքում կա նաև վարունգի ջերմոց:
«Այս երկու ջերմոցների ստեղծումով լուծվեց համայնքի բնակիչնեի զբաղվածության խնդիրը: Վարունգի ջերմոցում աշխատում է 300, իսկ վարդերի ջերմոցում՝ 130 մարդ: Աշխատավարձն էլ միջինից բարձր է՝ 120-150 հազար դրամից, կան մասնագետենր, որոնք շատ ավելի բարձր են վարձատրվում, ինչը գյուղի պայմաններում շատ լավ է»,- ասաց Ա. Հակոբյանը: