«Հիվանդությունների կանխարգելումը և վաղ հայտնաբերումը ոչ միայն մեր պետության, կառավարության ռազմավարությունն է»
«Առաջին անգամ այսպիսի ծավալով իրականացվող սկրինինգային ծրագիրը խիստ համահունչ է առողջապահության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությանը` մեր երկրում բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերին»,-այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը` ևս մեկ անգամ շեշտադրելով, որ գերատեսչության հիմնական ուղղվածությունը և շեշտադրումներն ուղղված են հիվանդությունների կանխարգելմանը, առողջ ապրելակերպի խթանմանը։
Փոխնախարարը նաև նշել է, որ հիվանդությունների կանխարգելումը և վաղ հայտնաբերումը ոչ միայն մեր պետության, կառավարության ռազմավարությունն է, այլև ամբողջ աշխարհում կիրառվող քաղաքականությունն է։ Այս մասին տեղեկացն ում են ԱՆ մամուլի ծառայությունից:
«Հիվանդությունների վաղ հայտնաբերումը ոչ միայն հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ վերականգնել մարդու առողջությունը, այլև իր անմիջական ազդեցությունն է թողնում երկրի տնտեսական զարգացման վրա»,-հավելել է Սերգեյ Խաչատրյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին` ինչպես փորձագիտական աջակցության, այնպես էլ ծրագրի վարկավորման և դրամաշնորհի տրամադրման համար։
Համաշխարհային բանկի առողջապահության առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանը ևս նշել է, որ Հայաստանում իրականացվող սկրինինգային այս ծրագիրը համահունչ է միջազգային և հատկապես զարգացած երկրների մոտեցումներին։ Նա փաստել է, որ փորձագիտական մեծ ջանքերի շնորհիվ լավ մեկնարկ է արձանագրվել և, որ այս ծրագիրը եզակի է տարածաշրջանում։
Ներկայացնելով 2015թ. հունվարից մեկնարկած ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված սկրինինգների առաջին արդյունքները` Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը նշել է 2015թ. հունվարից մինչ օրս սկրինինգային ծրագրով իրականացվել է շուրջ 7.150 ՊԱՊ թեստի և 80.000 զարկերակային գերճնշման հետազոտություններ, իսկ շուրջ 56.000 քաղաքացիների մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 193 անդամ երկրների վիճակագրության` վերջին տարիներին աշխարհում բնակչության հիվանդացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են (ՈՎՀ), մասնավորապես` արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացությունները (ՉՆ) և շաքարային դիաբետը (ՇԴ):
Հայաստանում մահացության ընդհանուր կառուցվածքում հիմնական բեռը` մոտ 80%, բաժին է ընկնում ՈՎՀ-ին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են` 48%, ապա` չարորակ նորագոյացությունները` 20,8%, իսկ երրորդ տեղում` շաքարային դիաբետը` 4,7%։
Իրավիճակի թելադրանքով ՀՀ կառավարությունը 2010թ. հունվարին հաստատել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»: Դրան հաջորդել է ՀՀ կառավարության 2011թ. մարտի «Առավել բարձր մահացություն բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերը և միջոցառումների ժամանակացույցը»: Այս ծրագրերով ամրագրված է ՈՎՀ կանխարգելման վերաբերյալ բնակչության հանրային իրազեկում, բնակչության ռիսկային խմբերում սկրինինգային հետազոտությունների իրականացում, ինչպես նաև ազգային ուղեցույցների մշակում և մասնագետների կրթում:
Նախանշված միջոցառումներն իրականացնելու նպատակով 2013թ. մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային և դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաև բարելավել առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում:
«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015-2018թթ. ընթացքում անվճար հետազոտություններ կիրականացվեն զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման, կանխարգելման և վերահսկման ուղղությամբ: Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, ինչպես նաև ոչ վարակիչ այլ հիվանդությունների հիվանդացությունն ու մահացությունը:
Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման թիրախային խմբերում ընդգրկված են 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման թիրախային խմբում՝ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք: Երրորդ տարվա վերջում պետք է հետազոտված լինի թիրախային բնակչության առնվազն 50-60 տոկոսը: Սկրինինգային այս հետազոտություններն անվճար իրականացվում են առողջության առաջնային պահպանման հաստատություններում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում:
Նելսոն Զուլոյանը նշել է, որ ԱԱԻ-ի կողմից մշակվել են «Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում և բուժում», ինչպես նաև «Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում և քաղցկեցի կանխարգելում» ուղեցույցները, որոնք տրամադրվել են առողջության առաջնային պահպանման բոլոր բուժհաստատություններին։ Երևանում և հանրապետության բոլոր մարզերում վերապատրաստվել է շուրջ 3700 բուժաշխատող` ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբարձ-գինեկոլոգներ և բջջաբաններ։
«Ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ՊԱՊ թեստի հետազոտությունները կենտրոնացված ձևով իրականացվում են հանրապետության 37 լաբորատորիաներում, որոնք հագեցվել են անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով»,-ասել է ԾԻԳ-ի տնօրենը։
Նա նշել է, որ բնակչության իրազեկվածություննն ապահովելու նրատակով նկարահանվել են սոցիալական տեսահոլովակներ, որոնք հեռարձակվել են հանրային հեռուստաալիքով։ Կիրառվել են հանրային իրազեկման այլ միջոցներ ևս։
Բանախոսները կարևորել են, որ գնալով մեծանում է դիմելիությունը, ինչը հույս է ներշնչում, որ հնարավոր կլինի ապահովել ծրագրով նախանշված ընդգրկվածությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա