Փոլ Գոբլ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա և նախորդ փուլերը զգալիորեն տարբերվում են
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող Լեռնային Ղարաբաղի հարցում լուրջ փոխզիջումների գնալ: Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` նման տեսակետ է հայտնել ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը: Փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա և նախորդ փուլերին` վերլուծաբանը նկատել է, որ բանակցային ներկա փուլը հիմնովին տարբերվում է 15 տարի առաջ առկա իրավիճակից, երբ թվում էր, թե Քի Վեսթի կամ Փարիզի հանդիպումների արդյունքում կողմերի միջև կարող էր նույնիսկ որևէ փաստաթուղթ ստորագրվել:
Այս և այն ժամանակ առկա տարբերությունների թվում վերլուծաբանն, օրինակ, նշում է Ադրբեջանի ներկա և նախկին նախագահների միջև եղած տարբերությունները: Ըստ վերլուծաբանի, Հեյդար Ալիևը ընկալվում էր որպես մի մարդ, ով կարող էր իրոք լուրջ փոխզիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության հարցում:
Գոբլի դիտարկմամբ` նա այդ մասին նույնիսկ հայտարարում էր Քի Վեսթի և Փարիզի հանդիպումների ժամանակ: Մինչդեռ ի տարբերություն իր հոր` Իլհամ Ալիևը շատ ավելի կախված է Ադրբեջանում գործող տարբեր ուժերից:
«Համոզված չեմ, որ Ադրբեջանի ներկա նախագահը ունի փոխզիջման գնալու նույնքան հնարավորություն: Կարծում եմ Իլհամ Ալիևն ավելի շատ է կախված տարբեր ուժերի շահերից և դրա պատճառով չի կարող հեշտ գնալ այն փոխզիջումներին, որոնք հնարավոր էին իր հոր համար»,- նշել է վերլուծաբանը:
Բանակցային գործընթացում նկատվող տաբերությունների թվում վերլուծաբանը նաև նշում է այն, որ փոփոխությունների է ենթարկվել տարածաշրջանից դուրս գտնվող խոշոր խաղացողների ազդեցության աստիճանը: