Իշխանական վերնախավում քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնանկության հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ իշխանության վերնախավում բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության և նրա հետագա ճակատագրի հարցը: Նշվում է, որ Ս. Խաչատրյանը մի քանի օր շարունակ Երևանում իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների հետ քննարկել է իր «ճակատագիրը», բայց այդպես էլ ոչ մի կոնկրետ հայտարարի չգալով՝ անորոշության մեջ մեկնել է հայրենի Կապան:
Թերթի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանն այս օրերին շատ անտրամադիր է ու ոչ ոքի հետ չի խոսում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչ դիրքորոշում ունի Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ու արդյոք Սյունիքի մարզպետը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, սակայն թերթին չի հաջողվել պատասխան ստանալ: