
Գյուղ, որտեղ ոչ խմելու ջուր կա, ոչ էլ դպրոց
Արմավիրի մարզի Կողբավան համայնքում ապրելը գյուղացիների որոշ մասի համար սեզոնային է. ձմռան ամիսներին այստեղ ապրում է 15 ընտանիք, իսկ երբ տաք եղանակներ են նրաց թիվը դառնում է 25: Գյուղապետ Հովհաննես Քոչարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է, որ գյուղացիների կորիզն է մնացել գյուղում, հիմնական մասը արտագաղթել է:
«Էլ գնացող չկա»,-եզրակացրեց Քոչարյանը:
Տաքերն ընկել են, մարդիկ վերադարձել, ցանել են առվույտն ու մշակում են ձմերուկը: Գյուղապետն ասում է, որ այլ մշակաբույսեր չեն ցանում, կան խոշոր հողատերեր, որոնք տարբեր մրգերի ու նաև խաղողի այգիներ ունեն:
Մայրաքաղաքից 85 կմ հեռավորության վրա գտնվող Կողբավանը մեծ բնակչություն ունեցող գյուղերի տարածքի չափ մակերես ունի` 3050 հեկտար, դրանից վարելահողը կազմում է ընդամենը 420 հեկտար, մնացածը քարքարոտ տարածք է, սարեր, ձորեր:
«Մարդիկ էս դաժան տեղն ապրում են հողի վրա աշխատելով»,-ասում է Քոչարյանը:
Չեն դժգոհում ունեն ոռոգման ջուր, բույսը նորմալ աճեցնում են: Փոխարենը խմելու ջուր չունեն: Գյուղապետարանի միջոցներով ցիստեռնով ջուրը 6-7օրը մեկ բերում են գյուղից 35 կմ հեռավորության վրա գտնվող հարևան Երվանդաշատ գյուղից ու բաժանում բնակիչներին:
«Էդ ա վիճակը: Թու-թու էսքան տարի ջրից ինֆեկցիայի դեպքեր չեն գրանցվել»,-շտապում է ասել գյուղապետը:
Գյուղում ջրագիծ քաշելու համար խոշոր ներդրումներ են անհրաժեշտ, բայց քանի դեռ գյուղում բնակչության թիվը քիչ է, ոչ մի կառույց պատրաստ չէ գնալ այդ քայլին: Իսկ մինչ այդ այստեղ ապրող բնակիչները, ովքեր նաև անասնապահությամբ են զբաղվում, գյուղապետի խոսքով, հիգիենայի պահպանման խնդիր ունեն:
«Էն ժամանակ նախարարը Արմեն Գևորգյանն էր, խնդրեցի արտեզյան ջուր լինի, որ մարդիկ գոնե լողանալու, հիգիենայի խնդիրը լուծեն, բայց արդյունք չեղավ», -նշում է Քոչարյանը:
Ցիստեռնով 200լ ջուր են բաժանում բնակիչներին, որն էլ օգտագործվում է ամաններ լվանալու, խմելու և ճաշ պատրաստելու վրա:
«Իսկ լվացվելու համար ոչ մեկ չի օգտագործում, որ ջուրը չպակասի»,-նկատում է գյուղապետը:
Այս գյուղում չունեն նաև դպրոց. գյուղի վեց աշակերտներին դարձյալ գյուղապետարանի միջոցներով վարորդը «Գազելով» տեղափոխում է հարևան Վանանդ գյուղի դպրոց: Սակայն դպրոցի բացակայությունը խմելու ջրից զուրկ բնակչության աչքին չի երևում:
Այսքանով հանդերձ գյուղից չեն արտագաղթում, պաշտոնյայի խոսքով, ով գնացել, գնացել է, էլ գնացող չկա:
Այս շարքից`
«Ամենահամովը Տանձատափի լոբին ա». Գյուղապետի հպարտությունը
Քաշունի. գյուղ, որտեղ մահանում են, բայց չեն ծնվում
Գյուղում բարեր, ռեստորաններ չկան, որ ջահելները մնան. Օխտարի գյուղապետը՝ արտագաղթած երիտասարդների մասին