Տնտեսագետը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ մտահոգություններ ունի
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ով երեկ ներկա էր «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին, ծրագրի վերաբերյալ մի շարք մտահոգություններ ունի:
«Ծրագրի կարևորության մասին խոսելն ավելորդ է, ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մի մարդ, ով կասի, թե այն մեզ համար կարևոր չի, այն իսկապես աննխադեպ ծրագիր է: Ես գովաբանությունների փոխարեն նախընտրում եմ խոսել թերությունների, մտահոգություններ մասին»,-Panorama.am-ին ասաց տնտեսագետը:
Խորհրդարանում ծրագրի մասին Մանասերյանը կառավարության ներկայացուցիչներին հարց հղեց ու պատասխան չստացավ. «Մեր ստանձնած պարտքը ի՞նչ ծանրաբեռնվածությամբ պետք է բաժանվի հաջորդ տարիների բյուջեների վրա, և որո՞նք են լինելու պիկային տարիները: Սա շատ կարևոր է, քանի որ եթե մենք ի վիճակի չլինենք բավարար եկամուտներ ապահովել պարտքի սպասարկման համար, ծրագիրը կդառնա չարիք մեզ համար: Ես այս հարցերի պատասխանը չստացա»:
Մանասերյանի խոսքով, նման լսումներ կազմակերպելուց առաջ պետք է այդ հարցերի պատասխանները ծրագիրը ներկայացնող փոխնախարարներն ունենային. «Դրանից բխող մեկ ուրիշ հարց էլ կա, ի՞նչ ծրագրերի հաշվին պետք է սպասարկվի այդ պարտքը: Սրանք շատ կարևոր հարցեր են, եթե պատասխաններ չկան, անորոշությունն ինձ համար անընդունելի է»:
Մասնագետի համոզմամբ, եթե խոսվում է ծրագրի թերացումների մասին, ապա դրանք պետք է ունենան հասցեատերեր, որոնք պատրաստ կլինեն պատասխանել հնչեցրած մեղադրանքներին ու հարցերին. «Ցավոք, իմ խոսքն էլ հասցեատեր չունեցավ: Ցանկալի էր, եթե ոչ ֆինանսների նախարարն ու փոխնախարարը, ապա գոնե պետական պարտքի կառավարման վարչության պետն այնտեղ լիներ ու ասեր, թե ինչ բեռ է ստանձնում պետությունը: Նույնը վերաբերում է չարաշահումներին: Դրանք կանխելու համար խորհրդարանական ու ոչ խորհրդարանակն ընդդիմությունը պետք է ստանձնի մշտադիտարկման որոշակի գործառույթներ»:
Մանասերյանը ընդդիմությանը «անհաղորդ» որակեց, ով մի քանի հարցեր է տալիս ու մի կողմ քաշվում. «Ես կարծում եմ, որ չեն սիրում աշխատել: Մարդիկ կան, որ ուղղակի ավելի լավ է 1-2 լավ ելույթ ունենան ու վերջ: Ընդդիմությունը պարտավոր է աշխատել, ես ասում եմ շատ ռեալ ու պատասխան եմ տալիս իմ խոսքերի համար: Ես ընդդիմության մեջ եղել եմ ու 24 ժամ եմ աշխատել: Եթե զլանում են աշխատել, դա իրենց խնդիրն է: Թող չասեն, որ լուրջ փաստեր են հայտնաբերել, ընդհակառակը ճիշտ հակառակ վիճակը եղավ, որ ինձ մեծ զարմանք պատճառեց: Իշխանական թևը բացահայտումներ է անում, ես որպես ընդդիմադիր պատգամավոր կերազեի այդ տվյալների մուտք ունենայի, ասում է, ահա սրանք թերացումների, շորթումների աղբյուր են, բերեք հասցնենք ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության: Ընդդիմությունը, չգիտեմ, ասում է՝ ոչ: Ես դրա փաստարկները չեմ կարողանում հասկանալ, այսինքն ես չեմ հասկանում, դուք ժողովրդի շահե՞րն եք ներկայացնում, թե՞ ալարկոտ, պատերի տակ խոսացող մարդիկ եք: Ինձ մոտ միշտ այդ հարցը կա, ասենք, իշխանությունն այսօր գնաց, ես էլ իշխանությունից շատ բաներով դժգոհ եմ, բայց ո՞վ է գալու փոխարինելու, ալարկո՞տ մարդիկ, որ չեն ուզում տեղից շարժվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները