«Թանգարանների գիշեր». Ուր գնալ այսօր
Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի տեղի է ունենում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին:
Մայիսի 16-ին և 18-ին «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներն անդրադառնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի Հայաստանից և ԼՂՀ-ից մասնակից թանգարանների թիվը 111-ն է:
Երևանյան և մարզային թանգարաններն այցելուների համար պատրաստել է հետաքրքիր, ինքնատիպ միջոցառումներ՝ թարմացված մշտական ցուցադրություններ, նոր ցուցադրություններ, ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ, գրական-երաժշտական երեկույթներ, համերգային ծրագրեր:
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունենալու «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջի շնորհանդեսը:
Ազգային պատկերասրահում շարունակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վկայություն» ցուցահանդեսը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվելու է Ռուբեն Գալիչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով» ցուցահանդեսը: Փայտարվեստի թանգարանում գործելու է «Ամենազոր նախշերի լեզուն» ցուցահանդեսը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ գնացած անանուն վարպետների:
Անցկացվող միջոցառումների ամբողջական ցանկն՝ այստեղ: Բոլոր թանգարանները լինելու են անվճար և բաց մինչև կեսգիշեր:
«Թանգարանային գիշեր» համաեվրոպական նախագծին Հայաստանը միացել է 2005 թվականից:
Նախորդող հրապարակումներ՝
Թանգարանային գիշերվա շրջանակներում ԳԱԿ-ում ցուցադրվելու է Սուրեն Պիպոյանի «Գաղթ» կտավը
Ռուբեն Սևակի թանգարանում ցուցադրվելու է Ցեղասպանության նահատակների Սրբադասման առիթով ստեղծված «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը