«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագիրը հնարավոր կլինի ավարտել մինչև 2020 թ.
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագիրը հնարավոր կլինի ավարտել մինչև 2020 թվականը: Խորհրդարանական լսումների ժամանակ երեկ հայտարարել է Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Ծրագրով նախատեսված ճանապարհային ուղիներով երկրի հարավը պետք է կապվի հյուսիսի հետ՝ նպատակ ունենալով մասնավորապես նպաստել արտաքին և ներքին փոխադրումների և առևտրի աշխուժացմանը, հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրացմանը, ապահովել արդյունավետ և անվտանգ ելք դեպի միջազգային առևտրային շուկաներ, ինչպես նաև արդյունավետ կապ ապահովել երկրի հանքարդյունաբերական, տուրիստական, գյուղատնտեսական, գործարար կենտրոնների համար, նպաստել տրանսպորտային ծախսերի կրճատմանն ու ժամանակի խնայողությանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոլն էլ ասել է, որ մինչ օրս Ասիական զարգացման բանկը 330 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար է տրամադրել՝ ֆինանսավորելու ճանապարհի առաջին հատվածի աշխատանքների իրականացումը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև դեռևս 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ին կնքված ֆինանսավորման շրջանակային համաձայնագրով կանոնակարգվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի բազմափուլ ֆինանսական գործիքի ընթացակարգերը: Ծրագրի ավարտից հետ համապատասխան որակի ճանապարհների առկայությունը, ըստ փոխնախարարի, մի քանի ուղղություններում կունենա դրական ազդեցություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը հայտնել է, որ ծրագրի իրականացման շրջանակներում ներգրավվում են տարբեր միջազգային ֆինանսական և դոնոր կառույցներ: Ծրագրի Արտաշատից Աշտարակ ընկած 31 կմ հատվածի բետոնյա ծածկի իրականացումն ավարտված է և գտնվում է փորձարկումների գործընթացում: Շինարարական գործընթացներում ամսեկան ներգրավվում են շուրջ 400 հայաստանյան մասնագետներ, սպասարկողներ և բանվորական անձնակազմ:
Ըստ զեկուցողների՝ բանակցություններ են ընթանում Իրանի հետ՝ Իրանում նմանատիպ ճանապարհ կառուցելու հնարավորության վերաբերյալ, որը կմիանա Հյուսիս-հարավ միջանցքին և կապահովի միջազգային բեռնափոխադրողների հետաքրքրության բարձրացումը ծրագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները