Սուբյեկտիվ պատճառներով էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելը ընդունելի չէ. Գարեգին Նուշիկյան
«Ընդհանուր առմամբ, որպես քաղաքացի, որպես պատգամավոր և որպես նախկին գործարար էլեկտրաէներգիայի թանկացմանը բացասաբար եմ վերաբերում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանը`մեկնաբանելով էլէներգիայի սակագնի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՀԷՑ-ի ներկայացրած հայտը:
Նրա խոսքով, երբ նախորդ տարի էլեկտրաէներգիան թանկացած դոլար-դրամ հարաբերակցությունը 411 դրամ էր, իսկ այժմ` 475, հետևաբար այս առումով պատգամավորը սակագնի բարձրացման հայտը հիմնավոր համարում է:
«Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կարելի էր ավելի ցածր գներ ունենալ, եթե ՀԷՑ-ում աշխատանքը նախկինում կատարվեր հաշվենկատ ձևով, ավելի խնայողաբար մոտենային ու բիզնեսում դրական մոտցում ցուցաբերեին», -ասաց Նուշիկյանը:
Հարցին, թե պատգամավորի համար ընդունելի՞ է այն պատճառաբանությունը, թե էլեկտրաէներգիան թանկացվում է, քանի որ ՀԷՑ-ը հսկայական պարտքեր է կուտակել, պատգամավորը պատասխանեց. «Նախ պետք է հասկանալ` այդ պարտքերը օբյեկտիվ պատճառներով են գոյացել, թե սուբյեկտիվ: Այդ ժամանակ դրան գնահատական կարելի է տալ: Եթե սուբյեկտիվ է, իհարկե, ընդունելի չի կարող լինել: Դրա համար խորը ուսումնասիրություն է պետք իրականացնել»:
Նախնական տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը առաջարկում է մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից դարձնել 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ:
Նշենք, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ում առաջացել է 37,6 մլրդ դրամի վնաս, և ստեղծված իրավիճակը պատճառ է դարձել, որ էլեկտրաէներգիա արտադրող և պետական, և մասնավոր ընկերություններում որոշակի ֆինանսական խնդիրներ առաջանան:
ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»:
Նախորդող հրապարակումներ`
Անկեղծ ասած տխրում եմ, որ թանկացում է լինում. Տաճատ Վարդապետյան
Գագիկ Մակարյան. Զախարյանին խորհուրդ տվեք կարդալ կանոնադրությունը
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասի