Քեզ ո՞վ ա իրավունք տվել շաբաթ օրով ինձ անհանգստացնես. Սուրիկ Խաչատրյանը` լրագրողին
Այսօր լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդին` Տիգրան Խաչատրյանը, եկել է Հայաստան և կներկայանա իրավապահ մարմիններին: Այդ լուրը տարածել էր «Առաջին լրատվականը»: Panorama.am-ը փորձեց Քննչական կոմիտեի պատասխանատուներից ճշտել տեղեկության հավաստիությունը, սակայն նրանց հեռախոսները սկզբում չէին պատասխանում զանգերին, այնուհետև դարձան անհասանելի:
Փորձեցինք խոսել հենց Սյունիքի մարզպետի հետ, սակայն նա դժգոհեց, որ շաբաթ օրով անհանգստացնում ենք իրեն:
-Պարոն Խաչատրյան, Ձեզ լրագրող է անհանգստացնում Panorama.am-ից
-Բայց էսօր շաբաթ օր ա էլի, ինչ…
-Ինձ կներեք դրա համար, ուղղակի տեղեկություններ տարածվեցին, որ Ձեր որդին եկել է Հայաստան, ուզում էինք ճշտել` իսկապե՞ս նա վերադարձել է:
-Ուրեմն էսօր շաբաթ օր ա, ես էլ ունեմ սայթ, եթե ինչ-որ խնդիր ունեք, գրեցեք այդ սայթին, ես ձեզ գրավոր կպատասխանեմ:
-Ի՞նչ սայթ ունեք, պարոն Խաչատրյան:
Կապն անջատվեց, սակայն մեր երկրորդ հեռախոսազանգին Խաչատրյանը պատասխանեց բարկացած`«Խի՞ ես շարունակում, նախ քեզ ո՞վ ա էդ իրավունքը տվել շաբաթ օրով դու ինձ զանգես, անհանգստացնես, երկրորդն էլ քեզ ասում եմ գրավոր գրի ուղարկի, ես քո հարցերիդ կպատասխանեմ»:
Այս ասելուց հետո պաշտոնյան անջատեց հեռախոսը:
Մայիսի 2-ին մարզպետի որդու մասնակցությամբ Գորիսում ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել էին Հարություն և Մուշեղ Զաքարյանները, նրանց առողջությանը վնաս էր հասցվել: Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, և Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Զաքարյան եղբայրները ճանաչվել են տուժող: Սուրիկ Խաչատրյանի որդին իրավապահների կողմից որպես վկա հարցաքննվելու համար կանչվել էր ոստիկանություն, սակայն ծանուցագիրն ստանալուց հետո նա լքել էր երկիրը: Նրա հետ է եղել նաև Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին, որը նույնպես դեպքին մասնակից է եղել:
Հարակից հրապարակում`
Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով տուժող է ճանաչվել նաև 2-րդ անձը