Թեհրանի գրքի ցուցահանդեսի հայկական տաղավարում ներկայացված է շուրջ 300 անուն գիրք և ալբոմ
Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսն այս տարի անցկացվում է մայիսի 6-16-ը: Ցուցահանդեսի հայկական տաղավարի պատասխանատուն է ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Ցուցահանդեսին ներկայացված են վերջին տարիների առավել նշանակալի հրատարակությունները` շուրջ 300 անուն գիրք և ալբոմ, որոնք տրամադրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի, մասնավոր հրատարակիչների, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Հայկական տաղավարը բազմահազար այցելուներին պատշաճ ներկայացնելու գործին ներգրավված են Իրանում ՀՀ դեսպանությունն ու Թեհրանի մի շարք հայկական կազմակերպություններ՝ «Ալիք» օրաթերթը, Հայ դատի գրասենյակը, «Րաֆֆի» մարզամշակութային համալիրը: Հայկական տաղավար է այցելել ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
Ցուցահանդեսի շրջանակում տեղի են ունեցել շնորհանդեսներ. իրանցի ընթերցողներին է ներկայացվել Հայաստանի, Արցախի, սփյուռքի 65 ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների պարսկերեն անթոլոգիան (թարգմանիչ՝ Խաչիկ Խաչեր), «Իրանահայոց հանրագիտարանը» (կազմ.՝ Ժանեթ Լազարյան), իրանահայ գրող Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» գիրքը և Կ.Վարդանյանի «Հատուցման տասներեք ղողանջ» պատմվածքների ժողովածուն:
Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային համալիրի նախաձեռնությամբ` Կարո Վարդանյանը, «Սայաթ Նովա» համալիրի սրահում հանդես է եկել Զորավար Անդրանիկի 150-ամյակին նվիրված դասախոսությամբ: Հայաստանի տաղավարի աշխատանքները լուսաբանել են Թեհրանի «Ալիք» և «Արաքս» թերթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում