Ալի Խամենեի. Թշնամիները չեն կարող Իրանի քրդերի գործոնն օգտագործելով անկայունություն առաջացնել
«Թշնամիները չեն կարող Իրանի քրդերի գործոնն օգտագործելով տարաձայնություններ առաջացնել»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը քրդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, մատնանշելով քրդերի` Իրանի պաշտպանության գործում ունեցած կարևոր դերակատարությունը, մասնավորապես նշել է. «Իսլամական հեղափոխության առաջին տարիներին թշնամին ջանքեր էր գործադրում «էթնիկական» և «կրոնական» գործոններն օգտագործելով Իրանի Քուրդիստան նահանգում անկայունություն առաջացնել, սակայն նրանք չկարողացան հասնել իրենց նպատակներին»:
Շարունակելով խոսքը` Իրանի հոգևոր առաջնորդը հավելել է. «Թշնամին հանգիստ չի մնա. Քարոզչական և ֆինանսական ռեսուրսներն օգտագործելով կշարունակի իր գործունեությունը, սակայն թշնամիները չեն կարող Իրանի քրդերի գործոնն օգտագործելով տարաձայնություններ առաջացնել»:
Նշենք, որ հիմնականում սուննիներով բնակեցված ԻԻՀ Քուրդիստան նահանգն ունի շուրջ 2 միլիոն բնակչություն, որի 90%-ը կազմում են քրդերը: Վերջին տարիներին երկրի տարբեր շրջաններից քրդերի մեծ հոսք է տեղի ունեցել դեպի Արևմտյան Ատրպատական նահանգ, սակայն հստակ տեղեկատվություն չկա, թե 3 միլիոն բնակչություն ունեցող այս նահանգի քանի՞ տոկոսն են կազմում քրդերը: