Կարկուտից տուժած գյուղապետ. «Սովետական կաստյումներս կհանինք, կհագնինք»
Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչները վարկերը մարելու խնդրի առաջ են կանգնել: Մայիսի 15-ին տեղացած կարկուտը վնասել է պտղատու ծառերը:
Գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց նախնական հաշվարկները. կարկուտը վնասել է 435 հա ծիրանի այգի, որից 5 հա-ն՝ 50-60 տոկոսով, 80 հա սալորենի՝ միջին հաշվով 40-50 տոկոսով, 200 հա խնձորի այգի, 40 հա դեղձի. 50 հա խաղողի այգի՝ միջինացված թվով 40-50 տոկոսով:
«Կարկուտը տևեց 42-45 րոպե: Սովորական չափի կարկուտ էր, մեր բախտը բերեց, որ քամի չկար հետը: Ծիրանի հատիկ չկա, որի վրա կարկուտի հետք չլինի: Գյուղի մեջ կա 10 հատ հակակարկտային կայան, տասն էլ կրակել են, տասի գլխին էլ եկել է»,-ասաց Պապիկյանը:
Նրա խոսքով, եթե կայանները գործի չդրվեին, վնասի չափերը կհասնեին 100 տոկոսի:
Մյուս գյուղացիների պես գյուղապետն էլ այգի ու դրա բերքով մարելու հույսով վարկեր ունի. «Հիմա ո՞նց եք անելու» հարցին ի պատասխան գյուղապետը ծիծաղով վրա է բերում.«Ո՞նց ենք անելու, ոնց որ էրել ենք: Քիչըմ քիչ պիտի ուտենք, սովետական կաստյումներս կհանինք, կհագնինք, պարտքերս տանք, ի՞նչ պիտի էնենք ուրիշ»:
Պապիկյանն ասում է, թե իրենց գյուղի վնասը գումարով չի կարող ներկայացնել. «Շատ մոտավոր կլինեն, շուկան է թելադրում գները»:
Այս անգամ գյուղում մարդիկ ու կենդանիներ չեն տուժել: Տարի է եղել, որ կարկուտը մարդու գլուխ էլ է ջարդել. «Մի քանի տարի առաջ մեքենաներ էր ծռել, մի խոսքով, սովեր ենք մենք էդ աղետին, կարկուտը մեր հիմնական թշնամին է, էս հո վերջինը չի, էլի է գալու»:
Կարկուտի օրը Արագածավան էր գնացել գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Կազմվել է հանձնաժողով՝ պատճառած վնասի չափերը ճշտելու համար: Գյուղնախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը Panorama.am-ին ասաց, այս պահին ամփոփում են տվյալներ, թե կարկուտից քանի գյուղ է տուժել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան