ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարի ընթացքում, որն անցկացվում էր Պորտուգալիայում, ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող և դատապարտող բանաձև։ Այս մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը` հղում կատարելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:
Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական թևը կոչ է անում Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել և վերականգնել պատմական իրականությունը՝ ի հիշատակ հայոց, պոնտոսցի հույների և ասորիների ցեղասպանությունների զոհերի։ Բոլոր շահագրգիռ կողմերը ճանաչում են հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և ապրիլի 24-ն ընդունում են որպես Հայոց ցեղասպանության, իսկ մայիսի 19-ը՝ պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրեր»:
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության 10-րդ համագումարին մասնակցել են 40 երկրի ավելի քան 250 երիտասարդ առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության պատվիրակները՝ կառույցի նախագահ Կարեն Ավագյանի ղեկավարությամբ:
«Ավելի ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» խորագրով ընթացող YEPP 10-րդ համագումարում ուշադրության կենտրոնում են եղել աշխարհի գլոբալ իրողություններն ու մարտահրավերները։ ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական քաղաքական կազմակերպությունն է։ Այն համախմբում է եվրոպական մոտ 40 երկրի 57 քաղաքական կուսակցությունների ավելի քան 1,6 միլիոն երիտասարդների