Պետությունների կենսագրություններում թանգարանները նշանակալից դերակատարություն ունեն. Գ. Սահակյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ թանգարանների աշխատակիցներին, թանգարանային գործի մասնագետներին և բոլոր արվեստասերներին Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Պատմության և մշակույթի յուրօրինակ պահապանի դեր ստանձնած թանգարաններն իրականացնում են մի առաքելություն, որը երբևէ չի կորցնում իր կարևորությունը: Արժեքներ պահպանելով` նրանք իրենք էլ արժեքավոր են որպես մշակույթի օջախներ, որոնք սերունդների համար հուսալիորեն ամբարում են ժամանակն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը, մտքի ու ձեռքի ուժը:
Պետությունների և ժողովուրդների կենսագրություններում թանգարանները նշանակալից դերակատարություն ունեն` շաղկապելով միմյանց անցյալն ու ներկան, կամրջելով ապագայի հետ: Նրանք ինքնատիպ տարեգիրներ են` ցուցանմուշների, գտածոների, արվեստի գործերի հավաքածուներով, որոնք լեզու են առնում թանգարանների աշխատակիցների և թանգարանային գործի մասնագետների նվիրված աշխատանքի միջոցով: Հենց վերջիններիս շնորհիվ է անմիջական ու ընկալելի դառնում արվեստասերի, թանգարանի այցելուի շփումը պատմության ու մշակույթի հետ, աշխատանք, որն անվերապահորեն արժանի է ամենաբարձր գնահատականի:
Շնորհավորելով մշակութային այս տոնի առթիվ` մաղթում եմ, որ թանգարաններում երբեք այցելուների պակաս չլինի, որ թանգարանները մշտապես համալրվեն նոր ցուցանմուշներով, իսկ մարդիկ, ովքեր նվիրված են թանգարանային գործին, իրենց շնորհակալ աշխատանքը շարունակեն ավելի խաղաղ, ավելի բարեկեցիկ և ավելի արժանապատիվ պայմաններում»: