Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն աչքի կընկնի մասնակիցների լայն աշխարհագրությամբ
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը՝ «ջութակ» մասնագիտությամբ կմեկնարկի հունիսի 6-ին Երևանում:
Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցույթն աչքի կընկնի իր մասնակիցների լայն աշխարհագրությամբ. 1-ին փուլում մասնակցություն կունենա 29 երիտասարդ ջութակահար 17 երկրից։ Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Ավստրիան, Կորեան, Ճապոնիան, Սերբիան, Էստորիան, Ուկրաինան, Վենեսուելան, Ղազախստանը, Լիբանանը, Իրանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Բելառուսը, Չինաստանը։
Մասնակիցների այդչափ մեծ թիվը պայմանավորված է ինչպես ներկայացված դիմումների մեծ քանակով, այնպես էլ՝ երաժիշտների աննախադեպ բարձր կատարողական մակարդակով: Այս պատճառով էլ նախապես սահմանված մրցութային 1-ին փուլ անցնող 24 մասնակիցների թիվը 29-ով է փոխարինվել:
Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003թ-ին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում:
Մրցույթը ուղղված է «դաշնամուր», «ջութակ» և «թավջութակ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ՝ 2016թ.-ին արդեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա