«Կոմիտասագիտությունը գրեթե չի զբաղվել մեծ երգահանի լուսանկարների ուսումնասիրությամբ». Նոր հրատարակություն
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը լույս է ընծայել «Կոմիտաս Վարդապետ. 1869-1935» ուսումնասիրություն-ալբոմի երկրորդ, լրացված հրատարակությունը Գուրգեն Գասպարյանի աշխատասիրությամբ։ Այս հրատարակության մեջ նախորդի համեմատությամբ (Երևան, 2009) ավելացված են Կոմիտաս Վարդապետի կյանքին և գործունեությանն առնչվող մի շարք նոր վավերագրեր և նորահայտ լուսանկարներ, ինչպես նաև առանձին հավելվածով ներկայացված է Վարդապետին ընծայված լուսանկարների մի մասը։ Այս մասին հայտնում են Մատենադարանից:
Հրատարակությունը ներկայացնում է 1890-1935 թթ. Կոմիտաս Վարդապետի լուսանկարները, որոնք դասակարգված են ժամանակագրական կարգով, ճշտված են մի շարք լուսանկարների թվականները, վայրը։ Վարդապետի լուսանկարների մեծ մասը պահվում է Գրականության և արվեստի թանգարանում պահվող ինչպես Կոմիտաս Վարդապետի, այնպես էլ նրա ժամանակիցների՝ Մարգարիտ Բաբայանի, Սպիրիդոն Մելիքյանի, Թորոս Ազատյանի և այլոց արխիվներում։ Մի շարք լուսանկարներ գտնվում են այլ պահոցներում՝ Մաշտոցյան Մատենադարան, Հայաստանի Ազգային արխիվ, Նուպարյան Մատենադարան, ինչպես նաևսփռված են զանազան պարբերականներում եև հանդեսներում։ Դրանց թիվը անցնում է հարյուրից, սակայն փաստերը վկայում են, որ մեզ հասել է Վարդապետի լուսանկարների փոքր մասը միայն։
Կոմիտասագիտությունը գրեթե չի զբաղվել մեծ երգահանի լուսանկարների ուսումնասիրությամբ, որոնք նրա կենսագրության կարևոր աղբյուրներից են։ Դա է պատճառը, որ տարբեր հրատարակություններում բազում սխալներ են սպրդել հատկապես լուսանկարները թվագրելիս, լուսանկարվելու վայրը նշելիս։ Սխալների մի մասը սկզբնավորվել է դեռևս Փարիզում՝ Կոմիտասի արխիվը կարգավորողների կողմից, որոնք Հայաստան առաքված անթվակիր վավերագրերը հաճախ թվագրել են՝ սեփական ձեռագրով նշումներ անելով վավերագրերի վրա։ Օրինակ, Գեևորգյան ճեմարանն ավարտելուց հետո Վարդապետը լուսանկարվել է, որի վրա հանձնախմբի անդամները նշել են. «Լուսանկարված 1900, Ս. Էջմիածին», այնինչ նույն այդ լուսանկարը Կոմիտաս Վարդապետը 1893 թ. հոկտեմբերի 22-ին ընծայել է Համազասպ Վարդապետին:
1915 թ. ապրիլի 11 (24)-ին Կոմիտաս Վարդապետի ձերբակալությունից և աքսորից հետո նրա գույքը և արխիվը կողոպտվեց, բազում արժեքավոր աշխատությունների հետ անհետացավ նաև նրա լուսանկարների հավաքածուն։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կոմիտաս Վարդապետը 1890-1900 թթ. լուսանկարվել է հատկապես իր կյանքի կարևոր հանգրվաններում (Գևորգյան ճեմարանի Զ դասարանը ավարտելիս, Բեռլինում ուսանելիս, Խրիմյան Հայրիկի կողմից ականակուռ լանջախաչով պարգևատրուելուց հետո և այլն), իսկ իր փառքի օրերին արդեն՝ 1905 թ. հետո՝ իր բազմահազար համակիրների և երկրպագուների «պահանջով», քանի որ սիրելի Վարդապետի պատկերը շատերն էին ցանկանում ունենալ։
1905-1915 թթ., երբ Կոմիտաս Վարդապետը բուռն համերգային և լուսավորչական գործունեություն էր ծավալել, նրա մի շարք լուսանկարներ բազմացվել և վաճառվել են բարեգործական նպատակներով, տպագրվել են փոստային բացիկներ նրա պատկերով, իսկ ինքը՝ Վարդապետը խրախուսել է նման գործելակերպը։ Ֆիլլիպեում, օրինակ, համերգներ տալուց և Կ. Պոլիս վերադառնալուց հետո` 1914 թ. վերջերին, Կոմիտաս Վարդապետը Ֆիլլիպեի Գրասիրաց ընկերության նախագահ Երվանդ Հակոբյանին հասցեագրված նամակում գրում է. «Որոշել եք լուսանկարս բազմապատկել և ծախել հօգուտ բարեգործական նպատակների, ես հակառակ չեմ, եթե կը կարծեք, թե արդյունք կուտա, ըրեք» (Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Եր., 2009, էջ 235): Այդ շրջանում Վարդապետի լուսանկարները բազմիցս տպագրվել են նաև զանազան պարբերականներում և հանդեսներում։
Ինքը՝ Կոմիտասը, հատուկ ուշադրություն էր դարձնում իր լուսանկարների որակին, պատկերի կառուցվածքային և ոճական հատկանիշներին, կերպարի արտահայտչականությանը։ Արշակ Չոպանյանի խնդրանքով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մատենադարանի ձեռագրերի մանրանկարների լուսանկարման աշխատանքների կազմակերպումը ստանձնելով՝ Կոմիտաս Վարդապետը Չոպանյանին գրում է. «Իսկ ճեմարանի աշակերտի նկարածները տեսա ևամենևին չը հավանեցի, խեղճը լուսանկարիչ չէ եւ չէ հասկանում գործը» (Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Եր., 2009, էջ 148): Մարգարիտ Բաբայանին 1912 թ. հասցեագրված նամակում Կոմիտաս Վարդապետը մասնավորապես գրում է. «Ուղարկում եմ քեզ իմ ընտիր լուսանկարս, մի պզտիկ հիշատակով քեզ» (Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Եր., 2009, էջ 213):
Ժամանակի արհեստավարժ լուսանկարիչների արվեստանոցներում լուսանկարվելիս Վարդապետը նույն օրը մի քանի դիրքերով է լուսանկարվել՝ շեշտը դնելով հատկապես դեմքի արտահայտչականության և մարմնի դիրքի ներդաշնակությանը։ Դիմանկար-լուսանկարների մեծ մասը մեզ է հասել նույն օրը լուսանկարված մի քանի տարբերակով, որոնք Վարդապետին հնարավորություն են տվել ընծայաբերվող լուսանկարների միջեւ ընտրություն կատարելու։ Ինչ վերաբերում է սիրողական լուսանկարներին, ապա դրանք աչքի են ընկնում կերպարի անմիջականությամբ և Վարդապետի բնավորության այս կամ այն գիծն են բացահայտում։ Դրանցից յուրաքանչյուրը մեծ երգահանի կյանքի մի պահն ու դրվագն են ավանդել մեզ։ Այս շարքի լուսանկարների մեծ մասը հրապարակվում են առաջին անգամ, քանի որ տարբեր ժողովածուներում հրատարակիչները նախընտրել են Վարդապետի՝ լուսանկարչատներում արված դիմանկարները։
Հարակից վավերագրերը կամ լուսանկարները նույնպես դասավորված են ժամանակագրական կարգով։ Տեղավայրերը ներկայացնելիս օգտագործվել են 20-րդ դարասկզբին թողարկված բացիկները։
Նախորդող հրապարակումներ՝
Հոգեբույժ Ռիտա Սուլահյան-Կույումջյանը փորձել է վեր հանել Կոմիտասի հոգեբանական բնութագիրը
«… ինչպես և ինչու հարցերը մշտապես ուղեկցում են Կոմիտասին»
Այդքան հայտնի ու անհայտ Կոմիտասը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան